Եվրամիության անդամ երկրները սկսել են ուղիներ փնտրել Ուկրաինայի ֆինանսավորման հարցում Հունգարիայի վետոն շրջանցելու համար, քանի որ Բուդապեշտը արգելափակում է Բրյուսելի կողմից Կիևին ավելի քան 6 միլիարդ եվրո օգնություն հատկացումը: Դրա մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է, որ ԵՄ դիվանագիտական ծառայությունն արդեն ուղիներ է փնտրում՝ թույլ տալու այսպես կոչված Խաղաղության եվրոպական հիմնադրամում համայնքի անդամներին կամավոր ներդրումներ կատարել: Նշվում է, որ դա Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշումներ ընդունելիս հնարավորություն կտա ապագայում խուսափել ԵՄ բոլոր անդամների «միաձայն աջակցության անհրաժեշտությունից»։ ԵՄ դեսպանները երեքշաբթի կհանդիպեն և կքննարկեն այս ծրագրի մանրամասները։ Ըստ Bloomberg-ի՝ դեռևս հայտնի չէ, թե որքան աջակցություն կարող է ստանալ կամավոր ներդրումների գաղափարը, քանի որ դաշինքի հիմնական որոշումներից շատերը պետք է միաձայն ընդունվեն:
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Եվրամիության անդամ երկրները համաձայնել են Ուկրաինային մինչև տարեվերջ տրամադրել մոտ 44,48 միլիարդ դոլարի նոր վարկ՝ անկախ ԱՄՆ-ի մասնակցությունից։
Ըստ պարբերականի՝ նման քայլը կարող է ձեռնարկվել Բրյուսելի այն մտավախությունների ֆոնին, որ Բուդապեշտը կխանգարի ԱՄՆ-ին տրամադրել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են ռուսական սառեցված ակտիվներով վարկի մարմանը մասնակցելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը փորձում է հետաձգել որոշումը մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, սակայն ԵՄ-ն հիմա պետք է այլընտրանք պատրաստի, որպեսզի օգնությունը Կիև հասնի մինչև տարեվերջ։ Հունգարական վետոն շրջանցելու համար որոշումը ենթադրաբար պետք է ընդունվեր ԵՄ երկրների ձայների մեծամասնությամբ, այլ ոչ թե միաձայն։