Օրհուսի համալսարանի դանիացի գիտնականները ստեղծել են LaKe կոչվող մոլեկուլ, որը կարող է օրգանիզմում կանոնավոր վարժությունների և ծոմապահության նյութափոխանակության ազդեցություն առաջացնել: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry (JAFC) գիտական հանդեսում:
Մարզվելը և սնունդ ընդունելն ամրապնդում է սիրտը և նվազեցնում արյան մեջ ճարպի մակարդակը՝ օրգանիզմում լակտատի և կետոնի մակարդակի բարձրացման հաշվին: Այս նյութերը բջիջների համար գործում են իբրև արդյունավետ վառելանյութ՝ օգուտ տալով մարդու օրգաններին:
«Մենք մշակել ենք մի մոլեկուլ, որը կարող է ընդօրինակել ինտենսիվ վարժություններին և ծոմապահությանն արձագանքը՝ օրգանիզմի բնական նյութափոխանակության նկատմամբ: Գործնականում մոլեկուլըն օրգանիզմը դնում է դատարկ ստամոքսով 10 կիլոմետր մեծ արագությամբ վազելուն համապատասխանող մետաբոլիկ վիճակի մեջ։
Երբ արյան մեջ լակտատի և կետոնի մակարդակը բարձրանում է, ավելանում է ախորժակը ճնշող հորմոնի արտադրությունը, իսկ արյան մեջ ազատ ճարպաթթուների մակարդակը նվազում է։ Սա մի շարք առողջապահական առավելություններ ունի, օրինակ՝ նվազեցնում է մետաբոլիկ համախտանիշի զարգացման ռիսկը», – պարզաբանում է գիտական աշխատանքի գլխավոր հեղինակ, Օրհուսի համալսարանի քիմիայի բաժնի պրոֆեսոր Թոմաս Փոուլսենը:
Մշակման հեղինակները շեշտել են, որ LaKe մոլեկուլը հնարավորություն է ընձեռել հասնել նյութափոխանակության ազդեցությունների, որոնք ինքնուրույն՝ օրգանիզմում թթվի և աղի նման ենթամթերքների կուտակման պատճառով գրեթե անհնարին են։
Հետազոտողները LaKe մոլեկուլը փորձարկել են առնետների վրա և Օրհուսի համալսարանական հիվանդանոցում սկսել են մարդկանց վրա կլինիկական փորձերը: Գիտնականների համոզմամբ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, LaKe մոլեկուլը կարող է դառնալ սննդային հավելում այն մարդկանց համար, որոնց առողջական պատճառներով ինտենսիվ մարզումները հակացուցված են։