Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրվել են երկրի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek-ի հարցազրույցում։
Նա նաեւ հիշեցրել է Կիեւից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնավորապես, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերման եւ այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի արտաբլոկային եւ միջուկազերծ կարգավիճակը, ինչպես նաեւ երկրի ապառազմականացումն ու ապազգայնականացումը։
«Կիեւն այս հայտարարությանը պատասխանել է օգոստոսի 6-ին Կուրսկի մարզ ներխուժմամբ։ Նրա հովանավորները՝ ԱՄՆը եւ ՆԱՏՕ մյուս երկրները, ձգտում են ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։ Այս պայմաններում մենք այլ ընտրություն չունենք՝ մեր հատուկ գործողությունը այնքան ժամանակ շարունակելուց բացի, քանի դեռ Ուկրաինայի սպառնալիքը չի վերացվել»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ պատերազմն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի համար « իր ժողովրդի եւ անվտանգության կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանությունն» է։ Ընդ որում, նա դժգոհել է, որ ամեն անգամ, երբ Մոսկվան բոլորին ձեռնտու համաձայնագիր է կնքում, «Կիեւը եւ նրա տերերը նահանջում են»։ Նա որպես օրինակ բերել է Մինսկի համաձայնագրերը, որոնք արժանացել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանությանը, ինչպես նաեւ Ստամբուլում 2022թ. մարտին նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։
«Խաղաղության վերականգնումը չի մտնում մեր հակառակորդի պլանների մեջ։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին չի չեղարկել Մոսկվայի հետ բանակցությունների արգելքի մասին իր հրամանագիրը։ Վաշինգտոնը եւ նրա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները քաղաքական, ռազմական եւ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Կիեւին, որպեսզի պատերազմը շարունակվի»,- ասել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ քննարկվել է, որպեսզի Ուկրաինայի ԶՈւ-ին թույլ տրվի մեծ հեռահարության արեւմտյան հրթիռներով խփեն ռուսական տարածքի խորքին։
«Կրակի հետ խաղն» այսպիսով կարող է հանգեցնել վտանգավոր հետեւանքների։ Ինչպես հայտնել է նախագահ Պուտինը, մենք համարժեք որոշումներ կընդունենք՝ ելնելով Արեւմուտքի կողմից սպառնալիքի մերը նկալումից։ Եզրակացությունները դուք պետք է անեք»,- ամփոփելէ ՌԴ արտգործնախարարը։