Այսպիսով՝ ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր կարիքների գնահատում։ Դրա հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։
Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Քրեակատարողական ծառայության, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն)՝ ազատազրկված անձինք հնարավորություն են ստանալու նաև ամսական 20 րոպե զանգեր իրականացնելու ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր անվճար՝ պետական միջոցների հաշվին։
Տրամադրվող անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձը կարող է կանխավճարային եղանակով ստանալ խոսելաժամանակ՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամ սակագնով՝ նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, լինելով հետևողական քրեակատարողական ոլորտի արմատական բարեփոխումների գործում, շարունակելու է աշխատանքների իրականացումն առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ։