Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ Արմեն Գրիգորյան. Factor TV

Factor TV-ի հարցազրույցը՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

-Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն այս պահին փակուղային չէ՞ արդյոք․ չնայած՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ անկախության հռչակագրի՝ Սահմանադրությունում չմեկնաբանված դրույթները չունեն իրավական ուժ, որոնցից է ՀՀ և ԼՂ վերամիավորման դրույթը, Ադրբեջանը դա բավարար չի համարում, և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Սա փակուղային իրավիճակ չէ՞։

-Ես կարող եմ ասել, թե մենք ինչ նպատակներ ունենք և մենք ինչ ենք փորձում անել։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր, և դուք գիտեք, որ ՀՀ-ի կողմից առաջարկություն է եղել համաձայնեցված հոդվածներով կնքվի խաղաղության պայմանագիրը։ Մենք կարծում ենք՝ խնդիրները, որ գոյություն ունեն, մի մասը համաձայնեցված հոդվածներով մենք լուծում ենք, մյուս մասը հաջորդ փուլերում կքննարկենք։ Խաղաղության պայմանագիրը պետք է դիտարկել նաև գործընթացի մաս։ Այս պահին մենք լուծում ենք խնդիրների մի մասը, այն խնդիրները, որոնք չենք կարողացել մինչև այս պահը լուծել, հաջորդ փուլում ենք բանակցությունների միջոցով լուծելու։ Եվ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև պատրաստ է ինտենսիվ ներգրավվելու բարձր և բարձրագույն մակարդակներում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելուն և հնարավորինս շուտ ստորագրելուն։

-Գիտեմ, հիմա չեք հրապարակի ՀՀ-ի գնած զինատեսակների ցանկերը, տեխնիկական բնութագրերը, գները, չափաքանակները։ Սակայն կարո՞ղ եք ասել՝ Հայաստանը պատրա՞ստ է պաշտպանել իր տարածքը Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման պարագայում։

-Ես կարող եմ ասել, որ Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Spread the love