Մեքենաներից արտանետվող գազերը կարող են բարձրացնել ճարպակալման եւ դիաբետի վտանգը. IJMS

Բրիգամ Յանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ դիզելային շարժիչների արտանետվող գազերի ազդեցությունը մկների մոտ կապված է ճարպային զանգվածի ավելացման, ճարպաբջիջների սերտաճի, ինսուլինի հանդեպ ռեզիստենտության եւ օրգանիզմում բորբոքման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Sciences (IJMS) ամսագրում։

Հետազոտության առաջին փուլում գիտնականները լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի։ Վեց շաբաթվա ընթացքում առաջին խումբը շնչել է սենյակի օդ, իսկ երկրորդ խումբը՝ դիզելային շարժիչներից արտանետվող գազերի մասնիկներ շաբաթը հինգ օր, 30 րոպեով։ Փորձի ավարտից հետո հետազոտողները մկներից վերցրել են ճարպահյուսվածքի նմուշներ լաբորատոր ուսումնասիրության համար։

Արդյունքները ցույց են տվել, որ արտանետվող գազերի մասնիկները ավելացրել են ճարպային բջիջների չափը, ինչը կապված է եղել օրգանիզմում բորբոքման եւ ինսուլինի մետաբոլիզմի խափանումների հետ։ Գիտնականները նշել են, որ ճարպային հյուսվածքը արձագանքում է քիմիական նյութերով աղտոտմանը, որոնք բորբոքում են առաջացնում։ Բորբոքման ուժեղացումը կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների, երկրորդ տեսակի դիաբետի եւ աուտոիմունային հիվանդությունների։

Մկների մոտ, որոնք ենթարկվել էին աղտոտող նյութերի ազդեցությանը, ավելացել է նաեւ ենթամաշկային եւ վիսցերալ (շրջապատող օրգանի) ճարպի քանակությունը։

Գիտնականները ենթադրել են, որ նման հետեւանքներ կարող են լինել նաեւ մարդկանց մոտ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ճարպակալման եւ դիաբետի վտանգի գործոնները, որոնք կապված չեն դիետայի հետ, պետք է հաշվի առնվեն մետաբոլիկ առողջության բարելավման մասշտաբային ռազմավարությունը մշակելիս։

Spread the love