Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:
Գործադիրն առաջարկում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:
Օրենքում սահմանվում է նաեւ «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը եւ իրականացնել վերահսկողությունը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ հարցի հրատապությունից ելնելով որոշվել է օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը: