Ղազախստանը հրաժարվել է մտնել ԲՐԻԿՍ

Ղազախստանն առայժմ չի նախատեսում անդամակցել ԲՐԻԿՍ-ին, թեեւ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նման առաջարկներ ստացել է, TengriNews-ին ասել է պետության ղեկավարի խորհրդական եւ մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«Ներկայում եւ ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում Ղազախստանը զերծ կմնա ԲՐԻԿՍ-ին հայտ ներկայացնելուց, այդ թվում անդամակցության մասին բազմաստիճան գործընթացի, ինչպես նաեւ այլ պահերի հաշվառմամբ՝ կապված այդ միավորման զարգացման հեռանկարների հետ»,- ասել է նա։

Ուալիի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկները դիտարկվել են պետության ղեկավարի կողմից «Ղազախստանի ազգային շահերի տեսակետից»։ Բայց Տոկաեւն առայժմ առաջնահերթությունը տալիս է ՄԱԿ-ին՝ որպես «ունիվերսալ եւ անայլընտրանքային կազմակերպության, որտեղ կարելի է եւ պետք է քննարկել բոլոր հրատապ միջազգային խնդիրները», ավելացրել է նա։

Ղազախստանի նախագահը միաժամանակ հանդես է գալիս ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին՝ «ՄԱԿ անդամ պետությունների լայն խորհրդակցությունների հիման վրա եւ «միջին տերությունների» շահերի հաշվառմամբ», քանի որ, նրա կարծիքով, այդ մարմինը կորցրել է «կարեւոր եւ բախտորոշ որոշումներ ընդունելու» ունակությունը, նշել է Ուալին։

Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, ապա Տոկաեւը «հետեւում է այդ միավորման էվոլյուցիային» եւ պատրաստվում է մասնակցել դաշինքի գագաթաժողովին Ռուսաստանում, որտեղ նախատեսում է ելույթ ունենալ հոկտեմբերի 24-ին, «աուտրիչ» ձեւաչափով ընդլայնված նիստում, որի թեման լինելու է Գլոբալ Հարավի երկրների հետ փոխգործակցությունը։

ԲՐԻԿՍ գագաթաժողովը կսկսվի Կազանում հոկտեմբերի 22-ին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հրավերներ են ուղարկվել 38 պետությունների։  Հոկտեմբերի 15-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 33 երկրներ։ Դրանցից 24-ը կներկայացվի առաջին անձանց մակարդակով։ Այդ թվում գագաթաժողովին մասնակցելու են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

Միջոցառմանը կմասնակցեն նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը, ԱՊՀ, ԵԱՏՄ, Միութենական պետության գլխավոր քարտուղարները, ինչպես նաեւ Զարգացման նոր բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆը։

ԲՐԻԿՍ գագաթաժողովը տեղի է ունենալու 16-րդ անգամ։ Ընդլայնված կազմով այն տեղի կունենա առաջին անգամ։ Այս տարվանից հինգ հիմնական երկրներին (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միացել են եւս չորսը՝ Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն եւ Եթովպիան։ Սաուդյան Արաբիան առայժմ չի կողմնորոշվել դաշինքում իր կարգավիճակի հարցում։ Թագավորության թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանը չի ընդունել գագաթաժողով այցելելու հրավերը։  Նրա փոխարեն գալու է արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը։

Spread the love