Կյանքիս այս վերջին օրերի անակնկալը Մարիամ Կարապողոսյան-Կարապետյան Շուտով կլինեմ 73 տարեկան, որի բոլոր տարիները եղել են և երջանիկ, և լարված, լավ և վատ օրեր բազմաթիվ: Բայց այն, ինչ եղավ հոկտեմբերի վերջին 20 օրերին ինձ զարմացրեց և անչափ ուրախացրեց: Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, 38 տարի աշխատել եմ սկզբում ՀՍՍՀ Ճանապարհների նախագծման և շահագործման նախարարության հաշվողական կենտրոնում: Տարիների ընթացքում հասել եմ ծրագրավորման բաժնի բյուրոյի վարիչի պաշտոնին, այնուհետ աշխատել եմ նույն հիմնարկում ՀՀ, բայց տարբեր անուններով: Այս վերջին տարիներին իմ համար անսպասելի, արդեն երկու տարի, նկարում եմ: Կտավները, գույները, վրձինները դարձել են իմ գեղեցիկ կյանքի յուրահատուկ պահերը: Արդեն ունեմ 60-ի չափ գործեր, որոնք դուր են գալիս իմ հայ նկարիչ ընկերներին, իսկ Մոսկվայի իմ ընկերուհի նկարչուհին միշտ լավ է արձագանքում: ԵՎ, ահա 20 օր առաջ իրենից առաջարկ եմ ստանում մասնակցել Մոսկվայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին ՛՛Մենություն՛՛ թեմայով: Առաջարկը ընդունեցի: Իսկ ի՞նչ նկարել: Ու միանգամից միտքս եկավ՝ ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ: Անունս տրվել է երազով՝ ՄԱՐԻԱՄ: ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ֆոտոն տեսնելիս միշտ մտածել եմ՝ Մենավորս, Հեռավորս: Ու նկարեցի այս եկեղեցին, ուղարկեցի ֆոտոն, որն էլ դուր եկավ Մոսկվայում ցուցահանդեսի կազմակերպիչներին: Երեկ տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը, որտեղ ասացին նկարս բազմաթիվ դիտորդների դուր է եկել: Ահա փոքրիկ պատմություն և իմ նկարը՝ ՀԵՌԱՎՈՐՍ, ՄԵՆԱՎՈՐՍ: