Քաղցկեղի բջիջները հնարավոր է ոչնչացնել՝ նրանց ճարպերի հասանելիությունից զրկելով. Cell

ԱՄՆ Վան Անդելի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղի բջիջներին ճարպի հասանելիությունից զրկելը նրանց զգայուն է դարձնում ֆերրոպտոզի նկատմամբ՝ ենթարկելով օքսիդատիվ ինքնաոչնչացման:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Chemical Biology բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները նշել են, որ քաղցկեղի բջիջներն ընդունակ են «գողանալ» օրգանիզմի ճարպերն ու դրանք որպես վառելիք օգտագործել՝ իրենց զարգացման համար։ Հետազոտողները ձգտել են պարզել՝ արդյոք այս գործընթացը հնարավո՞ր է կասեցնել:

Գիտնականները կենտրոնացել են ֆերրոպտոզի վրա՝ բջջային ինքնաոչնչացման մի տեսակ, որն ի հայտ է գալիս, երբ քաղցկեղի բջիջներում ճարպի մոլեկուլները վնասվում են: Վերջին տարիներին ֆերրոպտոզը գրավել է ուռուցքաբանների ուշադրությունը՝ որպես քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից նոր ռազմավարություն:

Քաղցկեղի բջիջները սովորաբար խուսափում են իրենց ոչնչացմանը հանգեցնող բնական իմունային գործընթացներից: Սակայն ֆերրոպտոզը կարող է բացառություն լինել, քանի որ ուռուցքային բջիջները առանց էներգիայի հասանելի աղբյուրի չեն կարող գոյատևել: Նախնական լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ քաղցկեղի բջիջների՝ ճարպի հասանելիության սահմանափակումը նրանց խոցելի է դարձնում ֆերրոպտոզի և այն առաջացնող դեղամիջոցների նկատմամբ:

Թեև արդյունքները խոստումնալից են, գիտնականներն ընդգծում են, որ քաղցկեղի այլ մոդելներում անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում ճարպային բջիջների ակտիվության և ֆերրոպտոզի վրա սննդակարգի ազդեցությունն ուսումնասիրելու ուղղությամբ։

 

Spread the love