Հայկական մշակույթը ներկայացվում է Թուրքմենստանում

 

 

ԿԳՄՍ նախարարությունից progressarmenia.com-ին   հայտնում են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվում է «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը: Հայաստանի մշակութային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հոկտեմբերի 28-ին մշակույթի օրերի մերկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Վերոնշյալ կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է ներկայացվել նաև լուսանկարչական ցուցահանդեսը:

Մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Նուրսախեթ Շիրիմովը:

 

Անդրադառնալով հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը՝ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի մշակույթի նախարարությանը ջերմ ընդունելության և Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերը հյուրընկալելու համար: Նրա նշմամբ՝ այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես մեր մշակութային փոխգործակցության վերագնահատմանը միտված ջանք՝ ազգերի միջև ամուր կապեր հաստատելու և ազգային մշակույթն առավել լայն շրջանակներին ներկայացնելու:

 

Մշակույթի օրերի շրջանակում «Աշխաբադ» և «Վաթան» կինոթատրոններում կկայանան հայկական կինոյի օրեր, որի ընթացքում կցուցադրվեն «Կտոր մը երկինք», «Հայրիկ» և «Բաղդասարը բաժանվում է կնոջից» խաղարկային լիամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև «Շունն ու կատուն», «Կապույտ ծովում սպիտակ փրփուրի մեջ», «Մի կաթիլ մեղրը», «Եվ ամեն երեկո», «Կախարդական ծիածանը» մուլտֆիլմերը:

 

Թուրքմենստան այցի ընթացքում Դանիել Դանիելյանը կհանդիպի նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ:

 

Նշենք նաև, որ Հայաստանի մշակութային պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, այցելել է մշակութային վայրեր, այդ թվում՝ «Մախտումկուլի Փրագի» համալիր, «Հին Նիսա» ամրոց, Թուրքմենստանի պետական և Գորգերի ազգային թանգարաններ, ինչպես նաև Թորքմենստանի կերպարվեստի թանգարան:

 

 

 

 

 

 

 

Spread the love