ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%.ԿԲ

Այսօր   ՀՀ ԿԲ նախագահ  Մարտին Գալստյանը  հանդիպելով լրագրողներին  ներկայացրեց  վերաֆինանսավորման տոկոսատրույքի  նվազեցման հնարավորությունները: Այսպիսով ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%։
2024 թվականի հոկտեմբերի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային
կետով՝ սահմանելով այն 7.25%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է
միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր
մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0,6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ սեպտեմբերին
կազմելով 0.7%:
2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի
դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում
կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային
ապրանքահումքային շուկայում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը
պահպանվում են՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային
առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում,
շարունակվում է նկատվել աշխատաշուկայի պայմանների մեղմացման թույլ ազդակներ` ուղեկցվելով պահանջարկի որոշակի
ճշգրտմամբ: Մյուս կողմից, էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից
ամբողջական պահանջարկի խթանման չափի վերաբերյալ անորոշությունները: Այս համատեքստում հավանական է, որ
առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների
աստիճանական թուլացումը՝ դեռևս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝
արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ներառելով վերևի ուղղությամբ
որոշակի ռիսկեր:
2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է՝ դեռևս ձևավորվելով
երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր: Ակտիվության աճին մեծապես նպաստել են շինարարության,
ծառայությունների և առևտրի ճյուղերի զգալի աճը: Այն շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝
պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին
պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Չնայած ընթացիկ բարձր տնտեսական ակտիվությանը՝ ներքին
ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է թուլանալ: Նման իրավիճակում աշխատաշուկայի
պայմանները շարունակում են ճշգրտվել՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների
գնաճի և գնաճային սպասումների որոշակի կայունացմամբ: Այս զարգացումներին զուգահեռ, հարկաբյուջետային
քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը,
Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ
(Ա տիպի), որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված
անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝
գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ
տիպի), որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ ցածր գնաճային սպասումների և թույլ պահանջարկի
միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում
է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝
միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով Ա
տիպի սցենարներից բխող էական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել
դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության
զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%
նպատակի և գների կայունության ապահովման համար:
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

Spread the love