ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2025 թվականին նախարարության գերակայությունների շարքում է լինելու նաև բոլոր ուղղություններով մարդկային կապիտալի զարգացումը:
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ
2025 թվականին շարունակվելու է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային ձևաչափով: Գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ին. մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2021-2023 թթ. ատեստավորման արդյունքում շուրջ 4000 ուսուցիչներ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ են ստանում: Նրանցից 2738-ը, ըստ ցուցաբերած արդյունքի, ստանում է 30-50% հավելավճար, 1165 ուսուցիչ ունի դրույքաչափի բարձրացում՝ 200.000 ՀՀ դրամի չափով: «Այս միջոցով նաև բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ատեստավորվեցին և իրենց աշխատանքը շարունակելու հնարավորություն ունեցան: Ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իր աշխատանքն է շարունակում, այլև բարձրացված վարձատրություն է ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ավելի քան 260 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ
Ակնկալվում է, որ 2025 թվականին ատեստավորված և բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կկազմի շուրջ 8000։ Կամավոր ատեստավորման բարձր արդյունքներ և տարակարգի համապատասխան աստիճան ունեցող շուրջ 260 ուսուցիչ ստանում է 400 հազար և ավելի աշխատավարձ։
Հերթական ատեստավորում․ 6000 ուսուցչի մասնագիտական կարիքի գնահատում
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է՝ այս տարի ներդրվել է ուսուցիչների հերթական ատեստավորման նոր համակարգ, որի համաձայն՝ գնահատվել են շուրջ 6000 ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքները, իսկ վերապատրաստման համակարգը և շրջափուլը համապատասխանեցվել են նրանց կարիքներին:
1268 ուսուցիչ տարակարգ է ստանում
«Հաջորդ տարվա մասնագիտական զարգացման բյուջեն պլանավորված է նոր համակարգի շրջանակում: Նոր ընթացակարգով փոխվել է նաև տարակարգի շնորհման ընթացակարգը․ 1268 ուսուցիչ տարակարգ է ստանում: Այս ուղղությամբ խրախուսող քաղաքականություն է նախատեսվում, քանի որ հերթական ատեստավորման արդյունքները փոխկապակցված են տարակարգի հետ: Հերթական ատեստավորում անցած ուսուցիչները միանգամից առաջին և երկրորդ տարակարգի հնարավորություն կստանան»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Հավելավճար 8200 բնագիտական առարկաների և 3000 գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներին
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ շարունակվելու են նաև բնագիտական առարկաների և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների հավելավճարների ծրագրերը: Բնագիտական առարկաների ուսուցիչների ծրագրի շահառու են ավելի քան 8200 ուսուցիչներ, իսկ գյուղական բնակավայրերի ուսուցիչների հավելավճարի շահառու են ավելի քան 3000 ուսուցիչներ:
Ներդրված խրախուսական ծրագրերի արդյունքում նախորդ տարի դպրոցներում գրանցվել են ավելի քան 3000 նոր ուսուցիչներ, որոնց զգալի մասը՝ երիտասարդ և միջին տարիքի:
Տարակարգ․ նախադպրոցական մանկավարժների դրույքաչափի 30-50% աճ
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2025 թվականին կշարունակվեն նախադպրոցական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման, տարակարգի շնորհման աշխատանքները, ինչն ապահովում է դրույքաչափի 30-50% ավելացում: 2025 թվականին այս նպատակով նախատեսվել է շուրջ 64․5 մլն ՀՀ դրամ:
Արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորում
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ մշակույթի ու սպորտի ոլորտներում դասավանդողների համար 2024 թվականին կամավոր ատեստավորումը կազմակերպվել է 20 ուղղություններով: 2023 և 2024 թվականներին արտադպրոցական կրթության ոլորտում կազմակերպված ատեստավորման արդյունքում լրավճար է ստանալու ավելի քան 200 մանկավարժ: 2025-ին այս միջոցառման համար նախատեսված է շուրջ 226 մլն դրամ:
Քոլեջների և ուսումնարանների դասախոսների ատեստավորում և աշխատավարձի բարձրացում
Մինչև տարեվերջ ատեստավորման գործընթացը կիրականացվի նաև քոլեջների և ուսումնարանների դասախոսների համար՝ ագրարային, ՏՏ, խոհարարություն և ոսկերչություն ուղղություններով: 4 ուղղություններով 360 շահառու կա, որոնք, ըստ ատեստավորման արդյունքների, կունենան 200 հազար դրամ դրույքաչափ և 30-50% հավելավճար: 2025 թվականին նախատեսվում է ընդլայնել ատեստավորման ուղղությունները: Միջոցառումների իրականացման համար 2025 թվականի բյուջեով նախատեսվել է ավելի քան 400 մլն դրամ:
Աշխատավարձերի 300 տոկոս աճ գիտության ոլորտում
ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ 2025 թվականը կշարունակվի գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման՝ 2021 թվականից մեկնարկած քաղաքականությունը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ոլորտում սկզբնական աշխատավարձերի նկատմամբ 300 տոկոսի աճ է գրանցվել: Օրինակ, գլխավոր գիտաշխատողը մինչև այս գործընթացի իրականացումը ստանում էր 138 հազար դրամ աշխատավարձ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից կստանա 552 հազար դրամ. «Սա միայն բազային ֆինանսավորումն է: Եթե գիտաշխատողը նաև թեմատիկ դրամաշնորհային ծրագրերում է ներառված, ապա նաև այդ ծրագրերից կստանա հավելավճար»:
Մշակութային գործիչների խրախուսում՝ ամսական 330-660 հազար դրամ
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև 2024 թվականից մեկնարկած «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը», որի համաձայն՝ սահմանվել է ավելի քան 150 միջազգային հեղինակավոր փառատոների ցանկ, որոնց մասնակցելու և մրցանակների արժանանալու պարագայում Հայաստանը ներկայացնող արվեստագետները որպես խրախուսում կարող են ստանալ 330 հազարից մինչև 660 հազար դրամ ամսավճար՝ մեկ տարի ժամկետով։ 2024 թվականին 3 կազմակերպություն և 5 անհատ ստեղծագործող արդեն իսկ օգտվել է այս ծրագրից: Հաջորդ տարվա բյուջեով այս նպատակի համար նախատեսվում է շուրջ 75 մլն դրամ:
ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ 2024 թվականին ընդունվել է «Թանգարաների մասին» օրենքն ու «Գրադարանների մասին» օրենքի փոփոխությունը, որոնց արդյունքում երկու ոլորտներում էլ ատեստավորման հնարավորություն է ստեղծվել:
Մարզիկների խրախուսման նպատակով 2025 թվականին նախատեսված է 1,4 մլրդ դրամ
Անդրադառնալով սպորտում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկների և մասնագետների դրամական խրախուսման, պատվովճարների տրամադրման քաղաքականությանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2025 թվականի համար այս նպատակով նախատեսված է 1,4 մլրդ դրամ:
«Օլիմպիական խաղերի նախապատրաստման առանձին ծրագրի համար արդեն իսկ ավելացվել էր նպաստի չափը՝ այն հասցնելով ամսական 1 մլն դրամի, որպեսզի օլիմպիական հավաքականում ընդգրկված մարզիկներն ամբողջությամբ կենտրոնանան արդյունքների ձեռքբերման վրա: Օլիմպիական խաղերից հետո ծրագրի արդյունավետության վերլուծություն է կատարվելու՝ մինչև նոր ծրագիր մեկնարկելը։ Վստահ ենք, որ նոր ծրագիրն ավելի թիրախային և արդյունավետ կլինի նաև մարզիկների աջակցության տեսանկյունից»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերի տպագրությանը, ներառական կրթությանը, ուսումնական հաստատություններում ոտնձգության դեպքերին, երեխաների հոգևոր կրթությանը, ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը, թանգարաններ այցելություններին, կապիտալ ծախսերին, դպրոցաշինությանը, միավորված դպրոցներին և այլ խնդիրների: