Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի հանրությանն են ներկայացնում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը:
Ս. Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» փորագրությունների ցուցահանդեսի հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. վերջին և XX դարասկզբին: Նկարիչն իր գործերում վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը:
Ս. Շչեգլովի օֆորտներն աչքի են ընկնում ժանեկազարդ նրբին գծագրմամբ և կատարողական բարձր վարպետությամբ: Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80 թթ. լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ:
Որպես թանգարանների ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսի շրջանակում Վանաձորի կերպարվեստի թանգարանում կանցկացնի լինոփորագրության վարպետության դասեր: Ծրագիրն այցելուներին ինտերակտիվ էքսկուրսիայի միջոցով ծանոթացնում է լինոփորագրության տեխնիկայի պատմությանը և հմտություններին, այնուհետ այցելուներն իրենք են հնարավորություն ստանում ստեղծագործելու այդ տեխնիկայով:
Միջթանգարանային այս համագործակցությունը Վանաձորի կերպարվեստի թանգարանի գործունեության համար նոր է, որը կունենա շարունակական բնույթ:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը: