Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել
է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր
Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը,
օտարերկրյա համալսարանների հայագիտական ամբիոնների և կենտրոնների ղեկավարներ: Համաժողովին
ներկա են եղել նաև Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան
հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ: Համաժողովը վարել է
Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:
2022 թվականից Կոմպլյուտենս համալսարանում ՀՀ պետական ֆինանսավորմամբ գործում է
Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի
կառուցվածքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ֆրանցիսկո Զորյանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը խորհրդանշական է համարել, որ
առաջին անգամ կազմակերպվող հայագիտական համաժողովն անցկացվում է հենց Կոմպլյուտենս
համալսարանում, որը բոլորովին վերջերս է համալրել պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստեղծված
հայագիտական կենտրոնների ցանկը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուհի
ղեկավարությանը և Իսպանիայում ՀՀ դեսպանատանը՝ համաժողովի անցկացման հնարավորության համար:
«Գաղտնիք չէ, որ կրթությունը, գիտությունը և մշակույթը եղել և մնում են այն հիմնասյուները, որոնց վրա
կառուցվում է հայ ժողովրդի ապագան, և ակնհայտ է, որ պետությունն աստիճանաբար էլ ավելի մեծ
ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում հայագիտության զարգացմանը: Արտերկրում գործող
հայագիտական կենտրոնները մեծ դեր ունեն հայագիտության զարգացման մեջ, քանի որ դրանց գլխավոր
առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց
քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և նոր մարտահրավերների հետ: Հայագիտական
կենտրոնների ընդլայնման քաղաքականությունն իրականացվում է 2012 թվականից, և ըստ տվյալ տարվա
պետբյուջեի հնարավորությունների՝ տարեկան 1 կամ 2 կենտրոնով այդ թիվն ավելանում է: Այս պահին
նման կենտրոններ ունենք 13 երկրի 15 համալսարանում, ընդ որում՝ դրանց մեծ մասը եվրոպական
տարածաշրջանում է: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրով ամրագրված է, որ այդ
թվականին արդեն կունենանք 23 հայագիտական կենտրոն, տարեկան 12 ֆինանսավորվող հետազոտական
աշխատանքներ և 8 հայագիտական միջազգային գիտաժողովներ ու կրթամշակութային միջոցառումներ: Այդ
ցանկի մեջ առաջին միջոցառումը հենց այս համաժողովն է, որի թեման է՝ «Հայագիտության զարգացման
տեսլականը, մարտահրավերները և հեռանկարները»: Ինչո՞ւ է այդպես կոչվել, քանի որ մեզ համար
կարևոր է ոչ միայն կենտրոնների քանակական, այլ նաև որակական աճը: Այդ կենտրոնները պետք է իրար

հետ գործակցեն, համատեղ հետազոտություններ անեն և տեսանելի արդյունք ցուցաբերեն նաև ցանցային
համագործակցության առումով՝ գրավիչ դարձնելով հայագիտությունը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝
այդ համատեքստում տեղեկացնելով, որ հաստատվել է Ցանցային հայագիտական համալսարանի
զարգացման հայեցակարգը:
Նա նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մշակելու է
հայագիտության զարգացման ռազմավարությունը, և վերջին տարիներին գիտության ոլորտին տրամադրվող
պետական բյուջեի շոշափելի միջոցների թվում պետք է դիտարկել նաև հայագիտական կենտրոններին
տրամադրվող գումարները: Փոխնախարարի խոսքով՝ բացի պետբյուջեի հատկացումներից՝ հայագիտության
զարգացման գործում նոր հնարավորություններ կարող են ի հայտ գալ տարբեր ծրագրերի, օրինակ՝
Էրազմուս+, «Հորիզոն Եվրոպա», ֆրանկոֆոնիայի կամ միջհամալսարանական համագործակցության
շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայագիտական
ամբիոնների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ իրենց ներդրած ջանքերի, եռանդի ու կատարած
աշխատանքի համար:
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը ողջունել է
նմանօրինակ ձևաչափով անցկացվող առաջին համաժողովի մասնակիցներին՝ հաջողություն և արդյունավետ
աշխատանք մաղթելով նրանց:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանի Աշխարհագրության
և պատմության ֆակուլտետի դեկանը՝ ընդգծելով համալսարանում հայագիտական ամբիոնի
գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցելու ամբիոնի հետագա
զարգացմանը: Դեկանը նաև շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Զորյանին ներդրած ջանքերի ու
աշխատանքի համար:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն իր ելույթում
շեշտել է Կոմպլյուտենս համալսարանի հետ գործընկերության կարևորությունը՝ ընդգծելով, որ
ակադեմիական քաղաքի իրականացման գործում դիտարկվում է նաև Մադրիդի համալսարանի հետ
համագործակցությունը: Համաժողովի ընթացքում առցանց զեկույցով հանդես է եկել նաև Լեզվի կոմիտեի
նախագահ Սիրանույշ Դվոյանը:
Համաժողովին ներկա Վենետիկի, Հռոմի, Զալցբուրգի, Լայպցիգի, Սինալոայի, Թրակիայի Դեմոկրիտի,
Քենեդիի, Ռոսարիոյի, Հալլե-Վիթենբերգի Մ. Լյութերի անվան  և մի շարք այլ օտարերկրյա
համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ղեկավարները ներկայացրել են սահիկաշարեր՝
նվիրված իրենց ամբիոնների, կենտրոնների գործունեությանը և իրականացված ծրագրերին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիները և
համագործակցության հեռանկարները ինչպես ՀՀ կառույցների, այնպես էլ օտարերկրյա համալսարաններում
գործող հայագիտական կենտրոնների միջև:

 

Spread the love