Ժաննա Անդրեասյանը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ
ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի
զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած
հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ
աշխատանքի, պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար. «Հնարավոր չէ
պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության: Ձեր կատարած ահռելի աշխատանքը,
դիմագիծն ու հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար»:
Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընթացքում են Ժողովրդական երաժշտության և պարի
ազգային կենտրոնը համապատասխան շենքային պայմաններով ապահովելու աշխատանքները՝ փորձերն
անցկացնելու նպատակով. «Պետք է կարողանանք շարունակել այն կարևոր գործը, որին 77 տարի նվիրել
է պարոն Մեհրաբյանը: Վստահ եմ, որ այս անխոնջ աշխատանքից քաղված դասերը նպաստելու են վաղվա
օրվան, որովհետև այդ ժառանգությանը պետք է արժանի լինել: Իսկ արժանի լինելու ամենակարևոր ձևերից
մեկն այդ աշխատանքը որակով շարունակելն է, որպեսզի բոլորս այդ նույն հպարտությամբ կարողանանք
խոսել հայաստանյան պարարվեստի մասին»:
Նորայր Մեհրաբյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ժաննա Անդրեասյանին գնահատանքի ու
կարևոր խոսքերի համար և հաջողություն մաղթել պարարվեստի ոլորտի զարգացմանն ու
կատարելագործմանն ուղղված աշխատանքներին:
Նորայր Մեհրաբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաև իր ստեղծած վաստակավոր կոլեկտիվ
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի բոլոր տարիների սերունդներին՝ իրեն
հավատալու և դժվարին ճանապարհը համատեղ անցնելու համար:
«Դուք իմ ստեղծագործական մտքերի արտահայտողն եք բեմում»,- ասել է Նորայր Մեհրաբյանը՝ համույթի
անդամներին մաղթելով բազում հաջողություններ կյանքում և բեմում:

 

Spread the love