Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում

Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Մասնավորապես՝ որոշմամբ նոր հավելվածներով սահմանվել են.

  • ՀՀ հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության,
  • «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերը:

Կառավարության որոշմամբ վերոնշյալ հաստատությունների համար հաստիքները  սահմանվել են՝ առաջնորդվելով այդ հաստատությունների առանձնահատկություններով  և գործունեության բնույթով:

Գործող որոշման համապատասխան հավելվածներում լրացվել են որոշ հաստիքների աշխատանքային պարտականություններ և պահանջներ, մասնավորապես՝ սահմանվել են դասղեկի և գործավարի  պաշտոնի նկարագրերը: Ընդ որում՝ գործավարի հաստիքը ներառվել է վարչատնտեսական աշխատողների ցանկում, սակայն պաշտոնեական պարտականություններով վերջինս կատարելու է և՛ տնօրենի, և՛ վարչատնտեսական համակարգողի  (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) հանձնարարությունները:

Կառավարման նոր համակարգի չանցած հաստատությունների համար սահմանվել է վարչատնտեսական աշխատողների անվանացանկ ներկայում որոշ դպրոցներում առկա, սակայն որոշման մեջ չներառված 2 հաստիքների համար՝ գնումների համակարգողի և տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի:

Որոշման այս փոփոխությամբ տնտեսվարի հաստիքը տեղ է գտել կառավարման նոր համակարգի չանցած հաստատությունների անվանացանկում՝ հաշվի առնելով, որ վարչատնտեսական կառավարմանն անցած հաստատություններում տնտեսվարի հաստիք սահմանված չէ, սակայն նշված հաստիքը ներառված էր դպրոցի վարչատնտեսական պաշտոնների ընդհանուր ցանկում (հավելված 1-ում) և տարընկալում էր առաջացնում: Վերոնշյալ փոփոխություններից և լրացումներից բացի՝ վերանայվել են որոշ հաստիքների համար սահմանված առանձին դրույթներ և պահանջներ:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Spread the love