Կանաչ թեյով կոմբուչան օգնում է նիհարել. Foods

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կոմբուչայի (թեյասնկի) մշտական օգտագործումը կանաչ թեյի հետ նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի, մետաբոլիզմի եւ կյանքի որակի բարելավմանը։ Դա հատկապես վերաբերում է  ավելորդ քաշ ունեցող մարդկանց, ովքեր դիետա են պահում։ Աշխատանքը հրապարակվել է Foods ամսագրում։

Փորձի ընթացքում ավելորդ քաշ ունեցող 75 մասնակիցներին բաժանել են երկու խմբի։ Մեկը հետեւել է սահմանափակ կալորիաներով դիետայի, մյուսը լրացուցիչ ամեն օր խմել է 200 միլիլիտր կոմբուչա կանաչ թեյով։ Հետազոտությունը տեւել է 10 շաբաթ։ Կոմբուչան, որն օգտագործվել է փորձի ժամանակ, պատրաստվել է հետազոտողների լաբորատորիայում եւ պարունակել է պրոբիոտիկներ մեկ բաժնում 1 մլրդ միավոր խտությամբ։ Փորձի ընթացքում չափվել են քաշի, մարմնի կազմի ցուցանիշները, ուսումնասիրվել է աղիների միկրոբիոմը, ինչպես նաեւ հավաքվել են տվյալներ մետաբոլիկ պրոցեսների եւ մասնակիցների ընդհանուր ինքնազգացողության մասին։

Արդյունքները ցույց են տվել, որ ըմպելիքն ազդում է միկրոբիոմի կազմի վրա, թեթեւացնում ախտանշանները փորկապության ժամանակ, լավացնում կղանքի կոնսիստենցիան եւ նվազեցնում աղիների թերի դատարկման զգացողությունը։ Նրանք, ովքեր թեյասունկ են խմել, իրենց ավելի աշխույժ եւ ավելի քիչ ընկճված են զգացել։ Բացի այդ, նրանց արյան մեջ հայտնաբերվել են նյութեր, որոնք օգնում են պայքարել ծերանալու եւ բորբոքման դեմ։

Չնայած ոչ մեծ ընտրանքին՝ գիտնականները կարծում են, որ ըմպելիքը կարող է օգտակար լրացում լինել նիհարելու դիետաներին։ Սակայն անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ՝ ստացված տվյալները հաստատելու եւ առողջության վրա ըմպելիքի ազդեցությունն ավելի լավ ուսումնասիրելու համար։

Spread the love