«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

 

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը

նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային  երաժշտության  տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:

 

Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը:

 

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում ներկայացնելու իրենց կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները: Գալա համերգի ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: 2024 թվականին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

 

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական  մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:

 

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ընդգրկված է  2021 թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

 

 

Spread the love