Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների ծառայողներն են՝ կազմ ու պատրաստ անցնելու ուժեղացված ծառայության։
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն անցկացնում է շարային ստուգատես։ Ստուգվում է մեքենաների տեխնիկական վիճակը, հագեցվածությունը, պարեկների ընդհանուր պատրաստվածությունն ու արտաքին տեսքը:
Ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ Արթուր Խուդինյանը հրահանգավորում է պարեկներին՝ հորդորում լինել հետևողական, իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը` լինել անզիջում։
«Շեշտը դնում ենք այն իրավախախտումներին, որոնք նպաստում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացմանը։ Շրջագայելու ընթացքում խիստ ուշադիր եք լինում վարչական տարածքներում ապօրինի շինարարական աշխատանք իրականացնելուն, առանց թույլտվության երթևեկելի հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելուն, մայթերին և ճամփեզրին շինաղբ թափելու հետ կապված»,- հրահանգավորել է Արթուր Խուդինյանը։
Մի քանի ժամում պարեկները մայրաքաղաքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3715 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1136, իսկ վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու և հեռախոսից օգտվելու՝ 361 դեպք։ Արձանագրել են հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, թաղանթապատված ապակիներով վարելու՝ 111 դեպք, ինչպես նաև 936 այլ իրավախախտում։
Պարեկները նաև կայանված մեքենան մայթից հեռացնելու ուղղությամբ սեփականատիրոջ հետ իրականացրել են բացատրական աշխատանք։
Որոշ դեպքերում պարեկային ծառայողները վարչարարություն կիրառելու փոխարեն բանավոր նախազգուշացրել են քաղաքացիներին։
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները շրջել են նաև բակերում, դպրոցների հարակից տարածքներում։
Ամփոփելով ուժեղացված ծառայության արդյունքները՝ նշենք, որ տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ։
Պարեկային ծառայության պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա։ Ի դեպ, նոր տարածքը կահավորված է ժամանակակից լուսավորության համակարգով, վահանակներով և տեսահսկման սարքերով։