Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը:
Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի խլում է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք:
Համաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, բարելավել են իրենց պատրաստվածությունը ագրոպարենային համակարգերում հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի ուղղությամբ, ինչն արդյունք է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի:
Արման Գևորգյանը խոսել է այդ ոլորտում ձեռքբերումների մասին՝ նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է գործուն քայլեր՝ նվազեցնելու հակամանրէային կայունության զարգացումը և տարածումը անասնապահության ոլորտում:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հակամիկրոբային դեղերի կայունության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համաշխարհային շաբաթն (18-24 նոյեմբերի) անցկացվել է «Կրթել. Աջակցել. Գործել», կարգախոսի ներքո:
Կրթել
Երկրները կատարելագործել են իրենց քաղաքականությունը, լաբորատոր կարողությունները և դեղերի օգտագործման պրակտիկան: Ըստ ՊԳԿ մասնագետի՝ «Երկրներն այժմ ավելի լավ են հասկանում հակամանրէային կայունության իրավիճակը, ինչը կարևոր է նպատակային միջամտություններ մշակելու համար»:
Աջակցել
Հետազոտությունների միջոցով պարզվել են հակամանրէային կայունության վերաբերյալ գիտելիքների և պրակտիկայի հիմնական բացերը, որոնց վերացման համար մշակվել են հատուկ առաջարկներ: Ֆերմերների և անասնաբույժների համար կազմակերպվել են դասընթացներ՝ առողջ կենդանիների խնամքի և արդյունավետ ֆերմերային գործունեության խթանման նպատակով:
Գործել
Լաբորատորիաները ստանձնել են կարևոր դեր հակամանրէային կայունության հայտնաբերման և վերահսկման գործում: ՊԳԿ-ի աջակցությամբ անցկացվել են մասնագետների դասընթացներ, տրամադրվել են սարքավորումներ և ստեղծվել է տարածաշրջանային լաբորատոր ցանց: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրվել է ռեֆերենս կենտրոն, որը շարունակելու է աջակցել տարածաշրջանին: