Մարդուն օրական անհրաժեշտ ջրի ծավալը միջինը տատանվում է մեկուկես լիտրից երեք լիտրի սահմաններում։ Կա նաեւ հատուկ բանաձեւ, որն օգնում է հաշվարկել անհրաժեշտ քանակությունը՝ կախված քաշից. մարմնի մեկ կիլոգրամ զանգվածի համար պահանջվում է մոտ 30-40 միլիլիտր ջուր։
Չարժե ավելի շատ խմել, մանավանդ որ չպետք է խմել խորհուրդ տրվող ողջ ծավալը միանգամից, մեկ-երկու ընդունմամբ, գրել է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի լավ է ջուրը բաշխել օրվա ընթացքում, օգտագործել ոչ մեծ բաժիններով՝ նախընտրությունը տալով տաք հեղուկին։ Չափից սառը ջուրը (ինչպես եւ չափից տաքը) կարող է անհարմարավետության զգացողություն առաջացնել։
Չարժե չարաշահել ջուրը քնելուց առաջ. դա կարող է հանգեցնել այտուցների առաջացման։
Քայլելիս եւս չարժե ջուր խմել, քանի որ խեղդվելու վտանգ կա։ Ավելի լավ է կանգնել եւ ծարավը հագեցնել չշտապելով եւ ոչ մեծ կումերով։
Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս օրն սկսել մեկ բաժակ ջրով արթնանալուց անմիջապես հետո, սոված փորին։ Դրանից հետո, մոտ 20 րոպե անց, կարելի է նախաճաշել։
Ուտելու ժամանակ ջուր խմելու կամ չխմելու մասին հարցը վիճելի է մնում։ Այս հաշվով տարբեր կարծիքներ կան, բայց ընդհանուր առմամբ բժիշկները կարծում են, որ հեղուկի մի քանի կումը, օրինակ, բրնձի կերակուր ուտելիս, օրգանիզմին չի վնասի։
Ջրի վերջին բաժակը ցանկության դեպքում կարելի է խմել քնելուց մոտ մեկ ժամ առաջ։
Ջուրը մասնակցում է գրեթե բոլոր կենսականորեն կարեւոր պրոցեսներին, որոնք տեղի են ունենում մարդու մարմնում։ Այն օգնում է օրգանիզմն ազատել կուտակված թույներից, անհրաժեշտ է երիկամների, մարսողության ճիշտ աշխատանքի եւ հոդերի գործունեության համար (ջրի պակասը արտացոլվում է սինովիալ հեղուկում), օգնում է, որպեսզի ճիշտ պահպանվի մարմնի նորմալ ջերմաստիճանը եւ անհրաժեշտ բոլոր նյութերը եւ վիտամինները հասնեն յուրաքանչյուր բջջի։