Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

 

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (1924–2007 թթ.)՝ օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի

(քնարակոլորատուրային սոպրանո), ՀԽՍՀ (1953 թ.), ԽՍՀՄ (1956 թ.) ժողովրդական արտիստ:

Ծնվել է Կահիրեում, երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, երգեցողության դասեր է առել Է. Ֆելդմանից և Վ. Կարրոյից: 1940 թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, 1947 թ. եղել է Եգիպտոսի ռադիոյի մեներգչուհի։

1948 թ. բնակություն է հաստատել Հայաստանում։ 1949 թ-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Երևանում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով (Լ. Դելիբի «Լակմե»)։

Գոհար Գասպարյանին անվանել են «Հայաստանի սոխակ»․ նրա ձայնն առանձնացել է ընդարձակ դիապազոնով, ճկունությամբ, երանգների հարստությամբ, անցումների թեթևությամբ: Նա ունեցել է 4000-ից ավելի համերգ․ երգել է աշխարհի նշանավոր բեմերում՝ Նյու Յորքի Կառնեգի հոլում, Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում:

Երգչուհու երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ Նա կատարել է 23 օպերաների գլխավոր դերերգեր՝ Անուշ, Շուշան (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Օլիմպիա, Կարինե (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Լուչիա (Գ. Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր»), Վիոլետտա, Ջիլդա (Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), այլ:

1964–2007 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թ-ից՝ պրոֆեսոր):

Գոհար Գասպարյանն արժանացել է մի շարք պետական մրցանակների և պարգևների․ ԽՍՀՄ (1951 թ.) և ՀԽՍՀ (1965 թ.) Պետական մրցանակներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984 թ.), Երևանի պատվավոր քաղաքացի (1984 թ.), Լենինի շքանշան (1984 թ.), «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1984 թ.), «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան (1994 թ.), այլ։ Գոհար Գասպարյանի անունով անվանակոչվել է փողոց Երևանում:

 

Դիմերես՝ Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, հայկական զարդանախշ:

Դարձերես՝ Գոհար Գասպարյանի դիմապատկերը, վարդերի և սոխակի պատկեր:

 

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը     1000 դրամ

Մետաղը/հարգը                արծաթ 9250

Քաշը                                    33,6 գ

Տրամագիծը                                  40,0 մմ

Որակը                                             պրուֆ

Դրամաշուրթը                 ատամնավոր

Թողարկման քանակը     300 հատ

Թողարկման տարեթիվը           2024

 

Ծանուցում

 

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:

«Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/Storage/AM/downloads/arjuyt/Dramaget_arm.pdf

 

Spread the love