Դիտարկվում են Սյունիքում ՌԴ հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհ է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներից։

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նախարարը տեղեկացրեց, որ մանրամասն քննարկվել է հարցերի ողջ շրջանակը, ինչը հատկապես կարևոր է, քանի որ երկար ժամանակ է, ինչ չէր ստացվում այդքան մանրամասն քննարկել։ Բանակցությունները կայացել են երկու երկրների ղեկավարների նախաձեռնությամբ և համաձայնությամբ՝ շարունակելով այն փոխըմբռնումները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների ղեկավարների շփումների շրջանակներում։ Ռուսաստանցի նախարարն ընդգծել է իր հավատարմությունը պայմանավորվածությունների ողջ շրջանակին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում, երկկողմ հիմունքներով և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։

Սերգեյ Լավրովը նշել է երկկողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը, այդ թվում՝ միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ և միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի անցկացումը։ Կողմերը պայմանավորվել են միջԱԳՆ խորհրդատվությունների համար պատրաստել հերթական երկամյա պլանը։

Այնուհետև կողմերը քննարկել են փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Սյունիքում՝ Հայաստանի ռազմավարական կարևոր մարզում, որը բխում է կողմերի շահերից։

Քննարկվել է Հարավային Կովկասի կարևորությունը Եվրասիական մայրցամաքում անվտանգության նպատակների առաջմղման գործում։

Մարդասիրական համագործակցության հարցերի թվում քննարկվել է Հայաստանում ռուսաց լեզվի հետ կապված իրավիճակը, երկուստեք շահագրգռվածություն է նշվել Ռուսաստանի Դաշնությունում հայկական մշակութային օրերի անցկացումը վերսկսելու հարցում։

Լավրովի խոսքով՝ միջազգային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները համընկնում են կամ մոտ են։ Նախարարը նշել է կողմերի շահագրգռվածությունը 3+3 ձևաչափի նկատմամբ, որը Ռուսաստանի Դաշնությունը շատ խոստումնալից է համարում։

Spread the love