Սպառողների շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ստեղծում, ուշ վճարումների խնդրի կարգավորում, աննախադեպ ծավալի տուգանքներ, հակամրցակցային համաձայնություն բենզինի շուկայում, անբարեխղիճ մրցակցություն տոմատի մածուկների շրջանառությունում, խախտումներ մանկապարտեզների համար կաթնամթերքի ձեռքբերումներում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները։
«2024 թվականին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն իսկ գանձվել է պետական բյուջե»,- նշել է Գեղամ Գևորգյանը։ Մասնավորապես հաշվետու տարում հարուցվել է՝
Գերիշխող դիրքի չարաշահման 26 վարույթ, որից 22-ը ավարտվել է,
Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման՝ 10 վարույթ, որից 8-ը՝ ավարտվել է,
Հակամրցակցային համաձայնությունների 3 վարույթ, որից 1-ը՝ ավարտվել է,
Պետական օժանդակությունների գնահատման 3 վարույթ, որից 2-ը՝ ավարտվել է,
Անբարեխիղճ մրցակցության 20 վարույթ, որից 20-ը ավարտվել է,
Սպառողների շահերի պաշտպանության մասով՝ 182 վարույթ, որից 149-ը ավարտվել է։
Հակամրցակցային համաձայնության բացահայտում և խոշոր տուգանք բենզինի շուկայում
2024 թվականին հակամրցակցային համաձայնության հատկանիշներով վարույթ է հարուցվել բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել։ Արձանագրվել է, որ ընկերությունները ընդհանուր առմամբ գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։
Բենզինի և դիզելային վառելքի շուկան նաև ընդգրկված է եղել 2024 թվականին իրականացված ոլորտային ուսումնասիրությունների ցանկում։
Գյուղմթերքի կուտակված պարտքերի մարում
2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտել գյուղմթերքի ուշ վճարումների նոր կարգավորումները, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները պետք է իրականացվեն 30 օրվա ընթացքում:
2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության, մինչև նոր օրենսդրական կարգավորումների կիրառումը, ամբողջությամբ մարել են ունեցած պարտավորությունները:
Մնացած 7-ի նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ, որոնց ընթացքում՝ մատակարարների հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները կատարվել են։ Այժմ աշխատանքներ են տարվում 2024 թվականի 2-րդ կիսամյակի պարտքերի առնչությամբ։
Նոր կարգավորումներ էին սահմանվել նաև առևտրային ցանցերի և մատակարարների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որտեղ նույնպես առկա է դրական դինամիկա․ շուրջ 1,7 մլրդ դրամի նախկինում կուտակված պարքտեր են մարվել առանց վարչարարություն իրականացնելու։
Պետական գնումները՝ առաջնային ուղղություն
2024 թվականին հանձնաժողովն ուսումնասիրել է ծրագրային ապահովման մշակման և խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով կազմակերպված, ինչպես նաև ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման գործընթացները, որոնց առնչությամբ մի շարք խնդիրներ են բացահայտվել։ Պետական մարմիններին տրվել է նախազգուշացում։
Վարույթներ՝ մանկապարտեզների համար կաթնամթերքի ձեռքբերման գնման ընթացակարգերի առնչությամբ
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով հանձնաժողովը դիտարկել է մանկապարտեզների, մանկատների և խնամքի կենտրոնների կարիքների համար կարագի և պանրի ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերը։ Պարզվել է, որ այդ ապրանքները ձեռք են բերվել շուկայական գներից անհամեմատ ցածր, օրինակ՝ 1 կիլոգրամ կարագը 1700-1600 դրամով, ինչը կասկածներ է հարուցել դրանց որակի առումով։ Հարուցվել են վարույթներ, որոնք ընթացիկ փուլում են։
Անբարեխիղճ մրցակցություն՝ տոմատի մածուկի շրջանառության ոլորտում
Վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: Լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք, որից 13-ը չեն համապատասխանել պահանջվող ստանդարտներին։ Մասնավորապես լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել , իսկ քլորիդների զանգվածային մասն ավել է եղել սահմանվածից։ Տնտեսավարողները տուգանվել են։
ՄՊՀ-ն՝ որպես սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին
Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է մշակվել սպառողների իրավունքների պաշտպանության ընդլայնման ուղղությամբ։ Ըստ այդ նախագծի՝ ՄՊՀ-ի լիազորություններն այս ուղղությամբ էականորեն ընդլայնվելու են և այն դառնալու սպառողների կոլեկտիվ շահերի պաշտապանություն իրականացող կենտրոնական մարմին։ Միաժամանակ մեխանիզմներ են մշակվում նաև սպառողների անհատական շահերի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես նախատեսվում է ունենալ էլ․ հարթակ, որի միջոցով սպառողն իր բողոքը կարող է ուղղել տնտեսավարողին, բացասական արձագանքի դեպքում այն կուղղորդվի մասնագիտական հասարակական կազմակերպություններին։