Այս պահին մենք ունենք ավելի քան 83 հազար երեխա, որոնք ընդգրկված են 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում, 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63.6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ 2017 թվականի համեմատ՝ մոտ 20%։
«Մսուրի ծառայությունները իրականացվում են շատ հատվածական, համայնքային հատվածում այն սկսվում է 2 տարեկանից սկսած, այնինչ ակնհայտ է, որ ծառայությունների թե ընդլայման կարիք կա, թե երեխայի մսուրային տարիքի շեմի վերանայման կարիք կա»,-ասաց Անդրեասյանը:
Նա ընդգծեց, որ այս փոփոխությամբ առաջարկում են մեկնարկել փորձնական ծրագիր, որով փոփոխությունները են արվում նախադպրոցական կրթական հաստատությունների ֆինանսավորման կարգում և նախատեսվում է 10 խմբի շրջանակներում, շուրջ 200 երեխաների համար, փորձեն սկսել նոր ծրագիր, որոնք իրականացվելու են մի շարք համանքներում: Այդ համայնքները ընտրվել են ՏԿԵՆ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում:
Անդրեասյանի խոսքով՝ ծրագրում 4 հաստատություն կլինի Երևանում, որոնցից մեկում կսկսեն 6-12 ամսականների ծրագիրը, Վանաձորում ու Գյումրիում երկուական և Հրազդանում մեկ հաստատություններ, որտեղ արդեն 1 տարեկան երեխաները կընդգրկվեն մսուրի ծառայության մեջ։
Անդրեասյանը հայտնեց, որ ծրագրի արժեքը գնահատել են 175 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը բյուջետային ծրագրով հատկացված միջոցներով և կփորձարկվի այդ տարիքային խմբին մատուցվող ծառայության նոր ստանդարտը՝ մեծացնելով մսուրի հասանելիությունը։