ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով:
«Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝ դրանում կան ձևակերպումներ, որոնք հնարավորություն են ստեղծում խուսափելու գիտական արդյունքի՝ հնարավորինս ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից:
Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի, մասնավորապես, հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները: Երկրորդ ուղղությունը վերաբերում է համարժեքությունների համակարգին, ըստ որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր: Հստակեցվել են նաև աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները:
Միաժամանակ, առաջարկվում է հայագիտության և հումանիտար գիտությունների հրապարակումների համար, հաշվի առնելով տվյալ բնագավառների յուրահատկությունը, ինչպես նաև մինչև առաջիկա ատեստավորման համար սահմանված ժամկետը, տարակարգերի ցածր պաշտոնների համար ատեստավորման պահանջները վերաձևակերպել` 5 տարվա պահանջի երկու հինգերորդի չափով:
Իրականացվող գործընթացը հանդիսանում է գիտության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության, մասնավորապես՝ 2022 թվականից մեկնարկած աշխատավարձերի նորմավորման գործընթացի շարունակությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով` գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման կարգի և սահմանված գործակիցների: Գիտնականների փաստացի աշխատավարձերը 2021 թվականի` բարեփոխումների մեկնարկի ժամանակահատվածի համեմատությամբ, առնվազն կրկնապատկվել են, իսկ որոշ պաշտոնների դեպքում նույնիսկ եռապատկվել և քառապատկվել են:
Նախարարը նշել է, որ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաև գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:
«Պետական քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. տարեցտարի ավելանում են Հայաստանի գիտնականների հրապարակումները միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում: Մասնավորապես՝ 2023 թվականի արդյունքներով (2024 թվականի արդյունքները դեռևս ամփոփվում են) պատմականորեն ամենամեծ թվով գիտական հրապարակումներ են գրանցվել միջազգային հեղինակավոր պարբերականներում: Կարևոր է, որ հրապարակումների աճը տեղի է ունենում ոչ միայն բնագիտական, այլ նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով որոշմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գիտական համակարգի աշխատողների վարձատրության բարելավման դինամիկան 2021-2025 թվականների համար. ավագ լաբորանատ-ճարտարագետ՝ 76 հազար դրամից հասել է 179 հազար դրամի. աճը՝ 130 տոկոս, կրտսեր գիտաշխատող՝ 99 հազար դրամից հասել է 246 հազար դրամի. աճը՝ 245 տոկոս, առաջատար գիտաշխատող` 114 հազար դրամից դարձել է 443 հազար դրամ. աճը` 288 տոկոս, գլխավոր գիտաշխատող` 138 հազար դրամից դարձել է 552 հազար դրամ. աճը՝ 300 տոկոս, գիտական խմբի ղեկավար` 129 հազար դրամից հասել է 410 հազար դրամի. աճը՝ 217 տոկոս, գիտական ստորաբաժանման ղեկավար` 141 հազար դրամից հասել է 474 հազար դրամի. աճը՝ 238 տոկոս: