«Ժառանգություն կերտող երիտասարդներ»․ հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը

Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները:

Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։

Ազգային ժյուրիում ընդգրկված էին Հայաստանից և արտերկրից մշակույթի ոլորտի 13 գործիչներ, որոնք մասնակցել են առցանց քվեարկությանը՝ 1-5 սանդղակով գնահատելով մանկապատանեկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած 8 թիմային աշխատանքների թեմատիկ սյուժեները։

Ներկայացնում ենք նաև մրցույթի ազգային փուլի լավագույն 5 թիմային տեսանյութերը (հերթականությունը՝ ըստ ստացած միավորների)․

  • «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» (ք․ Գյումրի)
  • «Հայկական թուղթ» (ք․ Աբովյան)
  • «Գորիս» (ք․ Գորիս)
  • «Փարաջանովյան մոտիվներով» (ք․ Երևան)
  • «Գառնի» (ք․ Աբովյան)

Վերոնշյալ աշխատանքներն արդեն հասանելի են «Եվրոպական ժառանգության օրեր»-ի պաշտոնական կայքի Հայաստան բաժնում՝ https://tinyurl.com/48zsj7cb։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին պաշտոնապես միացել է 2024 թ․։ Համաեվրոպական այս ծրագրին 2023-2024 թթ․ մեր երկիրը ներկայացրած ‹‹ՀԱՅելիցներ›› խումբը ճանաչվել է 2023-2024 թթ․ Եվրոպայի հաղթող և ստացել հնարավորություն՝ մեկնելու շրջագայության Փարիզ և Ստրաստբուրգ։

«Ժառանգություն կերտող երիտասարդներ» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթի հայաստանյան ազգային փուլը հավուր պատշաճի կազմակերպելու համար 2024 թ․ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն արժանացել է ԵՄ և ԵԽ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ղեկավար Սերգեյ Բազարյայի շնորհակալագրին։

Spread the love