Հայաստանում պահպանվում է սուր շնչառական վարակների ակտիվությունը։ Ավելացել է դիմելիությունը բուժհաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ։ Մասնավրապես, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կա հոսպիտալացման թվի աճ, հատկապես մանկահասակ տարիքի, մինչև 5 տարեկան երեխաների, որոնք պայմանավորված են գրիպի բարդություններով, այդ թվում՝ թոքաբորբով։
«Ժողովուրդը գուցե հիշի 2009 թվի համավարակից H1N1 տեսակը գրիպի, H3N2–ը։ Հենց այս երկու շտամներն են հիմա շրջանառվում, Ա գրիպի այս երկու ենթատեսակները, որոնք որ ունակ են առաջացնել անգամ համավարակներ, այսինքն, շատ արագ տարածվում են, շատ արագ վարակում են մեծ թվով մարդկանց, և պատճառ դառնում բարձր հիվանդացության», – ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը։
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, 2025 թվականի 5–րդ շաբաթվա ընթացքում, առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ է դիմել 9105 պացիենտ։
Թոքաբորբերով պայմանավորված 5–րդ շաբաթվա ընթացքում դիմել են 1022 պացիենտ, որոնցից 67.9 տոկոսը եղել են 0-18 տարեկան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս ցուցանիշը բարձր է 2.4 անգամ», – ասում է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ–համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը։ Բայց դպրոցներն ու մանկապատարտեզները ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն գերատեսչությունը չի տեսնում։
«Իրավիճակը վերահսկելի է, սա ընդամենը սեզոնին բնորոշ վիճակագրություն է», – ասում է Աիդա Հովհաննիսյանը։
Ինչպե՞ս խուսափել վարակվելուց, և ինչ անել եթե արդեն վարակվե՞լ ես։ Այս հարցերին պատասխանել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Լենա Նազարյանը։
Մանրամասները՝ ռեպորտաժում։