ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։
Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները հնչեցվում են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ ու դիրիժորների ղեկավարմամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն ընդգրկում են իրենց երկացանկում։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է ստեղծագործությունների թվայնացում. ստեղծագործությունները տեսագրվում և ձայնագրվում են՝ հասանելի դառնալով միջազգային մեդիա հարթակների բազմաթիվ օգտատերերի շրջանում։
Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը մեկնարկել է համաշխարհային երկու պրեմիերաներով։
Փետրվարի 8-ին առաջին անգամ հնչել է ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի թիվ 4 սիմֆոնիան՝ «Շնորհալի, աղօթական», որն ընծա է Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: Բացման համերգին տեղի է ունեցել մեկ այլ ժամանակակից կոմպոզիտորի՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտի պրեմիերան։ Որպես մենակատար հանդես է եկել հեղինակը՝ Քրիստինա Առաքելյանը։ Համերգի ընթացքում հնչել են նաև հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։
Փետրվարի 17-ին համերգը նվիրված է կոմպոզիտոր Գագիկ Հովունցի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Արթուր Ահարոնյանի և Արփինե Կալինինայի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներներ հանդես կգան դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և սոպրանո Շուշիկ Պարսումեանը։
Փետրվարի 18-ին ելույթ կունենա նորաստեղծ Հայկական պղնձյա փողային կվինտետը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Պետրոս Շուժունյանի, Նուբար Ասլանյանի և Անդրանիկ Բերբերյանի ստեղծագործությունները։
Փետրվարի 24-ին հրավիրված համերգի ընթացքում ճապոնացի դաշնակահար Ռիեկո Ցուչիդայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև անվանի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան։
Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Ջուն-Սան Պարկը, Ալեքսանդր Հումալան և Ջանլուկա Մարչիանոն։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գործընկերն է Team Telecom Armenia-ն։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։