Փորտսմուտի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոնային մոնոեթերները, որոնք սովորաբար պարունակվում են ավոկադոյում եւ ընկույզի մեջ, կարող են բարելավել սրտի աշխատանքի ինդեքսը եւ արյան շրջանառությունը փոքր անոթներում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology (JAP) ամսագրում:
Նշված մթերքներում պարունակվող կետոններն օրգանիզմում կարող են առաջանալ բջիջների ածխաջրային քաղցի արդյունքում, որը կոչվում է կետոզ։ Այդ պրոցեսն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել ճարպերից, ինչը թույլ է տալիս գոյատեւել, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ցածր է:
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կետոնները կարող են կանխել կոգնիտիվ խանգարումները ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Սակայն նոր աշխատանքի հիմնական ուշադրության կենտրոնում եղել է այն, թե ինչպես են կետոնային եթերներն ազդում սրտի վրա:
Հետազոտությանը մասնակցել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդիկ: Օրգանիզմը կետոզի վիճակի մեջ դնելու համար կամավորներին հանձնարարվել է հեղուկ կետոնային եթերային հավելում ընդունել: Երկրորդ փուլում փորձը կրկնվել է դատարկահաբով։ Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են մասնակիցների սրտի աշխատանքը, ոլոքի մկաններում թթվածնի մակարդակը եւ անոթների աշխատանքը:
Արդյունքները ցույց են տվել, որ կետոնային ըմպելիքը խմելուց հետո մասնակիցների սրտերն ավելի արդյունավետ են աշխատել ինչպես հանգստի, այնպես էլ չափավոր վարժությունների ժամանակ։ Նկատվել է նաեւ փոքր անոթներում արյան շրջանառության բարելավում:
Գիտնականները բացատրել են, որ կետոնային մոնոեթերները կարելի է ստանալ ոչ միայն հավելումների, այլեւ սննդի միջոցով։ Սպանախի, բրոկոլիի, ավոկադոյի, ընկույզի, ձիթապտղի, կոկոսի յուղերի, պանրի եւ ձկան մշտական ներառումը սննդակարգում կարող է օգտակար լինել սրտի առողջության համար: