Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

 

Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: «Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի անցկացումը նպաստելու է երեխաների՝ ընթերցելու կարողությունների զարգացմանը: Հատկանշական է, որ այս օլիմպիադան հանրապետական փուլ չի ունենալու, քանի որ նպատակը մեծ թվով աշակերտների մասնակցությունը և ընթերցանության խթանումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում օլիմպիադայի հաղթողներին հնարավորություն կտրվի այցելելու Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և մասնակցելու ընթերցանության միջոցառմանը:

«Մայրենի» առարկայի օլիմպիադան անցկացվում է երկու՝ դպրոցական և մարզային փուլերով՝ տեքստի լուռ ընթերցանության և  վերարտադրության ձևաչափով։  Օլիմպիադային մասնակցում են 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները:  Երևանի և մարզերի դպրոցներից օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 9849 աշակերտ, որոնցից 8687-ը փաստացի մասնակցել է առաջին փուլին: Ըստ դպրոցական փուլում ցուցաբերած արդյունքների՝  փետրվարի 12-ին կայացած մարզային փուլին մասնակցել է  632 աշակերտ։

Անդրադառնալով օլիմպիադաների անցկացման կարգի վերանայմանը նոր չափորոշչի ներդրման համատեքստում՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցում իրականացվող բոլոր գործընթացները փոխկապակցված են։ Տվյալ պարագայում հաշվի է առնվել, որ նոր չափորոշիչն արդեն ներդրված է դպրոցների 7 դասարաններում․ «Վերանայվել է օլիմպիադաների անցկացման կարգը,  առավել կանոնակարգված է դարձել թեստերի մշակման և ստուգման գործընթացը: Կարծում եմ՝ այս տարի նկատելի արդյունքներ ունենք ինչպես նոր օլիմպիադաների ներդրման, այնպես էլ մյուս օլիմպիադաների՝ ավելի արդյունավետ և օբյեկտիվ կազմակերպման առումով: Միաժամանակ, արձանագրված արդյունքները և  խնդիրները վերլուծվում են՝ հաջորդ տարի գործընթացն ավելի  արդյունավետ կազմակերպելու նպատակով»:

Նշենք, որ համաձայն սահմանված ընթացակարգի՝  օլիմպիադայի դպրոցական փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են դպրոցի տնօրենի հրամանով «Մայրենի» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովները։ Մարզային փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգում են մարզի  կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի հանձնաժողովները։

Առաջադրանքները գնահատվում է 100 միավորանոց սանդղակով /յուրաքանչյուր հարցի պատասխան առավելագույնը գնահատվում է 5 միավոր/: Սխալ պատասխանի համար միավոր չի տրվում, ուղղագրական և կետադրական յուրաքանչյուր սխալի համար հանվում է 0,5 միավոր։ Առավելագույն միավորը տրվում է, եթե աշակերտի կողմից ներկայացվում է տրամաբանված, հարուստ բառապաշարով պատասխան՝ հարազատ մնալով գրվածքի բովանդակությանը՝   կատարելով բառերի ճիշտ ընտրություն, նախադասությունների համոզիչ ձևակերպում, օգտագործելով  ինքնատիպ բառապաշար։

 

Spread the love