Մայրաքաղաքի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով վերջին 2 տարում կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում:
Այդ մասին քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։
«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։
«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։
Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:
Այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փուլ առ փուլ արդիականացվում է՝ ուղևորների համար առավել հարմարավետ դառնալով: