ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է` մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով:
Հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաեւ 2016 թ. Ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած եւ ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Նկատի է առնված այն հանգամանքը, որ 2024 թ. այդ ուսանողները պետք է իրենց ուսումն արդեն ավարտած լինեն:
Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի` մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: