ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) մասնագետները հայտնաբերել են H5N1 թռչնագրիպի վիրուսի թաքնված տարածում մարդկանց շրջանում։ Միտումը քողարկվել է շնչառական վարակների սեզոնային աճով եւ տուբերկուլյոզի վերադարձով: Հաշվետվությունը հրապարակվել է հաստատության պաշտոնական կայքում։
Զեկույցի համաձայն՝ H5N1-ը հայտնաբերվել է խոշոր եղջերավոր անասունների հետ աշխատած երեք անասնաբույժների մոտ։ Երկու դեպքում էլ վարակի աղբյուրը պարզ չէր։ Ընդ որում՝ անասնաբույժներից եւ ոչ մեկը գրիպի նման ախտանիշներ չի ունեցել: Չի գրանցվել նաեւ մարդուց մարդուն հարուցչի փոխանցում:
Վարակները հայտնաբերվել են հակամարմինների թեստերի միջոցով 46 նահանգների 150 անասնաբույժների մոտ, ինչը ցույց է տալիս, որ վիրուսը տարածվում է հայտնի բռնկումների սահմաններից դուրս:
Փորձագետներն ընդգծել են, որ վարակի շատ դեպքեր անհայտ են մնում։
«Եթե վիրուսը տարածվում է ավելի հաճախ, քան հայտնաբերվում է, մենք վտանգում ենք բաց թողնել մուտացիաները, որոնք կհեշտացնեն փոխանցումը մարդկանց միջեւ»,- ասել է Նեբրասկայի համալսարանի հետազոտող Լորեն Սաուերը:
Նեւադայում H5N1-ով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է անցյալ շաբաթ՝ ԱՄՆ-ում դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 68-ի: Նահանգում նաեւ հայտնաբերվել է վիրուսի նոր շտամ՝ D1.1, որը կարող է ավելի լավ հարմարվել կաթնասունների բջիջներին:
Կովի կաթի միջոցով H5N1-ի փոխանցումը փորձնականորեն հաստատվել է, ինչն անհանգստացրել է մասնագետներին։
Փորձագետները կոչ են անում մարդկանց ձեռնարկել նախազգուշական միջոցներ՝ խուսափել վայրի կենդանիների հետ շփումից, անասունների հետ աշխատելիս օգտագործել պաշտպանիչ միջոցներ եւ ուշադիր լինել հիվանդության նշանների նկատմամբ: