ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել էր հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում:
Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն էր:
Կամո Ցուցուլյանն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Փրկարար ծառայության երկարամյա փոխգործակցությունը, որը ռազմավարական նշանակություն ունի մասնավորապես՝ սոցիալական ոլորտի ծառայությունների ինստիտուցիոնալ համագործակցության ներդրման ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հոգեկան առողջության ոլորտում գործուն աջակցությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին՝ նշել է, որ դրանք մարտահրավեր էին արձագանքման հավաքական կարողությանը, միաժամանակ կարևորել է նման իրավիճակներում համագործակցելու անհրաժեշտությունը: Նա նաև հավելել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակը առողջապահության, կրթության, երեխաների պաշտպանության ոլորտներում աշխատողների, փրկարարական ծառայության մասնագետների կարողությունները զարգացնելն է:
Միջոցառմանը տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերող մասնագետների համար մշակված գործիքակազմին, ճգնաժամային իրավիճակներից քաղած դասերին և ոլորտին վերաբերող այլ հարցերի։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։