Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրենսդրական նախաձեռնությամբ՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար կհատկացվի 13 միավոր՝ նպատակ ունենալով թեթևացնել վարորդների սոցիալական բեռը:
Միաժամանակ, կխստացվեն այն խախտումների պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Արդյունքում՝ կարգավորումը կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ նշելով, որ նախաձեռնությունը ծնվել է պետություն-քաղաքացի երկխոսության արդյունքում: Նախագիծը մշակելու ընթացքում նախարարությունը սերտ համագործակցել է օրենսդիր մարմնի գործընկերների հետ:
Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից։
Օրենքի դրույթների համար նախատեսվում է մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ․ մասնավորապես՝ ուժի մեջ մտնելու պահին տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կհատկացվի 9 միավորի փոխարեն 13 միավոր, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց կհատկացվի 13 միավոր կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։
Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերին ազատել գույքահարկից՝ քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը: Պատճառված վնասի փոխհատուցման պարտականությունը կվերապահվի հանցագործությունը կատարած անձին։
Կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի գործիքների ներդրման անհրաժեշտությունը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովին է ներկայացրել Կառավարության դրական դիրքորոշումը։
Օրենսդրական կարգավորմամբ՝ Ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Միաժամանակ, սահմանվել է նաև տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեցող աշխատակիցների (ծառայողների) շրջանակի վերաբերյալ կարգավորում, ինչպես նաև համապատասխան աշխատակցի (ծառայողի) կողմից տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում` մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառման (լոգավորման), մուտք գործելու նպատակի, մուտք գործող իրավասու աշխատակցի (ծառայողի) տվյալների լրացման պարտադիր պահանջ։
Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի օգոստոսի 9-ից: