ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 12-17-ը Երևանում:
Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամը:
Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ՝ տարիքային երկու խմբով և երկու փուլով:
Մայիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը: Մրցութային երկու փուլերը կկայանան մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում:
Մայիսի 13-ին՝ մրցութային առաջին փուլի շրջանակում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ):
Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը պետք է չգերազանցի 5 րոպեն: Երկրորդ փուլում (մայիսի 15) մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն:
Մայիսի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն մրցանակակիրների անունները, իսկ համերգային երեկոյի ընթացքում կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:
Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի դրամական մրցանակներ կստանան ոչ միան առաջին, այլև երկրորդ ու երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ավանդույթի համաձայն՝ դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:
Այս տարի լավագույն մասնակիցները, ի թիվս մյուս մրցանակների, հնարավորություն կստանան նաև մեկ միասնական համերգով ելույթ ունենալ Վանաձորում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37455070780 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին, ավելին՝ www.mirzoyan.am կայքէջում: