Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ղազախ գործընկերոջը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի թիվս այլ հարցերի, «բարձր է գնահատվել խաղաղ գործընթացում ղազախական կողմի մշտական ​​աջակցությունը»։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը, նշելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ասել է, որ «հիմնական խնդիրը մնում է Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք օրենսդրական ակտերում մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաեւ Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»։

Հանդիպմանը նաեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Ադրբեջանի եւ Ղազախստանի արտգործնախարարները ստորագրել են 2025-2026թթ. գործողությունների պլանը։

Spread the love