Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵՄ օժանդակությամբ նշվել է  Սպառողների իրավունքների միջազգային օրը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրոպական միության օժանդակությամբ այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ  միջոցառում էր կազմակերպվել։ Միջոցառմանը մասնակցում էին և ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Միջոցառման ներկա էին պետական մարմինների ղեկավարներ, տնտեսավարողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք։

«Սպառողը վաղուց դադարել է տնտեսության պասիվ մասնակիցը լինելուց։ Նա իրավունքների կրող է, իսկ մենք՝ որպես հանրային իշխանության կրողներ, պարտավոր ենք ապահովել, որ այդ իրավունքներն ապրեն ոչ թե օրենքների տեքստերում, այլ իրականության մեջ»,- ողջույնի խոսքում ընդգծել է ՄՊՀ նախագահը։

Նա նշել է, որ ՄՊՀ-ի www.competition.am  կայքում ներդրվել է «Սպառողի օգնական» գործիքը, որի միջոցով այսուհետ սպառողներն անհատական խնդիրներ ունենալու պարագայում  առցանց բողոք կարող են հասցեագրել տնտեսավարողներին: Խնդիրը չկարգավորվելու դեպքում հարցը կպատվիրակվի ՀԿ-ներին, որից հետո հանձնաժողովը կքննարկի  վարչարարություն իրականացնելու հարցը։

Դեսպան Մարագոսի խոսքով՝ սպառողների իրավունքները պետք է դիտարկել  որպես համընդհանուր ջանքերի մի մաս, որոնք գործադրվում են ունենալու ավելի կայուն ապագա և բարգավաճում` շեշտադրելով ՀՀ կառավարության, ինչպես նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Այս համատեքստում նա կարևորել է  Համապարփակ և ընդլայնված  գործընկերության  համաձայնագրի շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառությունները, որոնք պետք է դիտարկվեն ոչ թե որպես պարտավորություն, այլ  բարձր ստանդարտներ ներդնելու  հնարավորություններ։

Եզրափակելով բացման արարողությունը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելությում նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանուր առմամբ երկրի տնտեսության համար, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի  և  իրավակարգի որակի համար։ Վարչապետը կարևորել է, որ ստեղծվել են սպառողների իրավունքները իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ։ Ներդրվել է թվային մոդուլ, նոր կարգավորումների ներքո նաև քաղաքացիական հասարակությունը կոնկրետ դերակատարում է ունենալու  ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու գործում։

Միջոցառման երկրորդ հատվածում կազմակերպվել է պանելային քննարկում՝ ԵՄ ներկայացուցիչների, շահագրգիռ պետական մարմինների, տնտեսավարողների և ՀԿ-ների մասնակցությամբ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով 

 

 

 

 

Spread the love