Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

 

Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով  կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:

 

Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն  մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնելու է  Հայաստանի ազգային գրադարանի և Ավետիք-Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացվելու են ԿԳՄՍ նախարարության  աջակցությամբ վերջին տարիներին հրատարակված հայկական  պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գրքերը, ինչպես նաև հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Տաղավարի աշխատանքներում  առանձնակի կարևորությամբ ներկայացվելու է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում դրամաշնորհային» ծրագիրը:  Հայաստանի և արտերկրի հրատարակիչների հետ իրականացվող այս ծրագրի շրջանակում նախարարությունը մասնակի դրամաշնորհ է տրամադրում արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք պատրաստ են իրենց երկրում հրատարակել հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:

 

Լայպցիգում կբացվի Ավետիք Իսահակյանի  հուշատախտակը

 

Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի մեծապես միտված է նաև հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանին, նրա ստեղծագործությունների տարածմանն ու հանրահռչակմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի համագործակցությամբ մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ  Շտրասսե-27 հասցեում       (Friedrich-Ebert-Strasse 27) կբացվի Ավետիք Իսահակյանի  հուշատախտակը, որը  կրում է «Ինքնություն» խորագիրը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին  Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Հուշատախտակը կներկայացնի տեղեկատվություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին՝ միաժամանակ փաստելով, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է լինելու նաև Գյումրիի սև տուֆը՝ որպես հայկականության խորհրդանիշ, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է  այդ տուֆից: Հուշատախտակի վրա կլինի QR կոդ, որով մարդիկ կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Հուշատախտակի բացումից հետո «Alte Börse» համերգասրահում  տեղի կունենա դասական երաժշտության համերգ. կկատարվեն Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա  գրված երգեր:

 

Ցուցահանդեի շրջանակում տարբեր տաղավարներում տեղի կունենան միջոցառումներ.

Մարտի 27

Ժամը 12:00-պաշտոնապես կբացվի Հայաստանի ազգային տաղավարը

Ժամը 10:30-Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդես

Ժամը 15:00-«Վարպետը» ֆիլմի ցուցադրությունը

Մարտի 28

Ժամը 17:00-Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների գերմաներն հրատարակության շնորհանդես

Մարտի 29

Ժամը 13:00-բանախոսություն՝ «Հայ գրականության զարգացման միտումները»      խորագրով՝ արձակագիր, կինոսցենարիստ Արամ Խաչատրյան

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում: Նախարարը Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ հանդիպմանը քննարկել էր համագործակցության ծրագրեր: Հանդիպմանը մասնակցել էր նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի՝ Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի մասնակցության վերաբերյալ:

 

Նշենք, որ նախորդ տարի Լայպցիգի գրքի միջազգային  ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են  40 երկրի 2085 ցուցադրող, 283 000 այցելու, 55 000 ոլորտային մասնագետներ, 3131 լրագրող և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ: Լայպցիգի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը հիմնադրվել է 1632 թվականին:

 

 

Spread the love