2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից:
Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%:
2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում և հիմնական գործընկեր երկրներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման ռիսկերը սրվել են՝ պայմանավորված միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև պահպանվող աշխարհաքաղաքական խնդիրներով: էականորեն ավելացել են նաև միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի և դրանից բխող՝ պարտքի ավելացման, ինչպես նաև երկարաժամկետ տոկոսադրույքների վերաբերյալ անորոշությունները:
Միաժամանակ գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները՝ խիստ: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդը քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի և դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գների կայունության նպատակի ապահովման համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման և ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ: Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Խորհուրդը պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: