Դառը ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը, ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից եւ անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։
Նոր հետազոտությունը, որին մասնակցել են Չինաստանի Լոհեի մասնագիտական սննդի ճարտարագիտության համալսարանի մասնագետները, ուսումնասիրել են, թե ինչպես եւ ինչ մեխանիզմներով են դառը նյութերն ազդում մարդու առողջության վրա, գրել է Planet Today-ը։ Արդյունքները հրապարակվել են Foods ամսագրում։
Շատերին դուր չի գալիս դառը մթերքների համը։ Հետազոտողների թիմը նշել է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ սննդի մեջ պարունակվող դառը նյութերը կապվում են դառը ռեցեպտորների հատուկ մասերի հետ (26 hTAS2R) եւ այդպիսով ակտիվացնում են G սպիտակուցի միջնորդավորված ազդանշանային ուղիները:
Փորձագետները նշել են, որ այս ազդանշանային ուղիները քիմիական ազդանշանները վերածում են էլեկտրականների, որոնք այնուհետեւ փոխանցվում են ուղեղին եւ դառը համ են ստեղծում, իսկ դառնության ինտենսիվությունը հիմնականում որոշվում է այսպես կոչված դառը ռեցեպտորների հիդրոֆոբ ճանաչման հատվածով:
Այդպիսի դառը նյութեր են հիմնականում ալկալոիդները, պոլիֆենոլները, տերպենոիդները եւ ամինաթթուները, որոնք հանդիպում են, օրինակ, բնական մթերքներում, ինչպիսին են հնդկաձավարը, դառը դդումը, խատուտիկը, հատիկեղենը, ընկույզները եւ սուրճը:
Բնական դառը մթերքների օգտագործումը նպաստում է առողջությանը եւ, ըստ ընթացիկ հետազոտության, կարող է օգնել կանխել, օրինակ, հիպերլիպիդեմիան, արյան բարձր ճնշումը եւ հիպերգլիկեմիան:
Միեւնույն ժամանակ, դառը մթերքները ճնշում են բորբոքումները եւ ունեն հակաուռուցքային, հակաբակտերիալ եւ հակաօքսիդանտ ազդեցություն, հայտնել են գիտնականները։
Բացի այդ, ապացուցվել է, որ դառը նյութերը հակաօքսիդանտ ազդեցություն ունեն, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալների պատճառած վնասներից: Մասնագետների կարծիքով՝ դրանք նաեւ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը եւ կարող են օգնել կանխել սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ կարող են դրսեւորվել նաեւ նեյրոպաշտպանիչ հատկություններ:
Դիաբետի դեպքում առողջության համար դառը նյութերի օգտակարության մասին նշվել է նաեւ Դիաբետի դեմ պայքարի գերմանական կազմակերպության մասնագիտացված հոդվածում։
Բացի մարսողական ազդեցությունից (այսինքն՝ մեծացնելով ստամոքսաթթվի եւ լեղու արտադրությունը, ինչպես նաեւ բարելավել ճարպերի յուրացումը), առանձնանում է քաղցի եւ քաղցրավենիքի հանդեպ հակումների նվազումը, ինչը շատ օգտակար է դիաբետի եւ ճարպակալման դեպքում։ Մասնավորապես, դառը դդմի օգտագործումը կարող է նվազեցնել գլյուկոզայի մակարդակը նախադիաբետով հիվանդ մարդկանց մոտ:
Կարելի է եզրակացնել, որ սննդի մեջ դառը բնական մթերքների մշտական օգտագործումը կարող է չափազանց դրական ազդեցություն ունենալ առողջության ընդհանուր վիճակի վրա եւ կանխել տարբեր հիվանդությունները։ Ուստի դառը համին վարժվելը կարող է օգտակար լինել։