Կոտայքի և Սյունիքի մարզերում մարտի 17–ից սկսվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի կիրառումը, որը թույլ կտա բացառել փաստաթղթային գործընթացը և մեծացնել տվյալների հավաքագրման արդյունավետությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ նշելով, որ Կապանում արդեն իսկ գրանցվել է առաջին դիմումը, որից էլ սկսվել է գործընթացը։
Մինչեւ 2026թ. համակարգի ներդրումը հանրապետության ամբողջ տարածքում , ընտանիքները դեռ ստիպված կլինեն Միասնական սոցիալական ծառայություն ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը թղթային ձևաչափով, իսկ սոցիալական աշխատողները կաջակցեն դրանց մշակման գործում։
«Առաջին փոփոխությունը, որը կզգա դիմող ընտանիքը, կլինի այն, որ այլևս ստիպված չի լինի բազմաթիվ թղթեր բերել։ Իր տվյալները, որոնք հասանելի են տարբեր պետական շտերմարաններով, դրանք արդեն իսկ ստացվում են ինքնաշխատ եղանակով՝ թվային համակարգի միջոցով»,- ասաց Ժամակոչյանը։
Նորք տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանի խոսքով, սա Հայաստանի սոցիալական ոլորտի թվային փոխակերպման ամենախոշոր և ծավալուն համակարգն է լինելու, որը ներառելու է շատ տարբեր շերտեր։
Նոր համակարգը հնարավորություն կտա Կոտայքում և Սյունիքում դիմումների ամբողջական ընթացքը կազմակերպել էլեկտրոնային եղանակով։ Քաղաքացիների համար կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ նրանք այլևս ստիպված չեն լինի հաճախել Միասնական սոցիալական ծառայություն, այլ այցելելու անհրաժեշտություն կլինի միայն վերջնական փաստաթղթերի ստորագրման համար։
«Այս համակարգի միջոցով 29 տարբեր շտեմարաններ ենք միավորում։ Հարթակի առավելությունն այն է, որ նախկինում տվյալների հավաքագրումից հետո էր հնարավոր քաղաքացիների տվյալները ստուգել, որը տևում էր մեկ ամիս։ Այժմ ունենք տվյալների ստուգման երկփուլ տարբերակ, որն օգնում է ուղիղ շտեմարաններից քաղաքացիների տվյալները ստուգել ու կրճատել ժամանակը»,-ասաց Անահիտ Պարզյանը։
Ժամակոչյանի խոսքով՝ գործընթացը խստորեն վերահսկվում է։ Եթե որևէ անհրաժեշտ փաստաթուղթ առցանց համակարգում չի արտացոլվում, քաղաքացիները կկարողանան ներկայացնել դրա թվային պատճենը։ Ժամակոչյանը հավելեց, որ այս անցումային շրջանին զուգընթաց իրականացվում է ինտենսիվ մոնիտորինգ։
Նախկինում դիմումների ստուգման և հաստատման գործընթացը կարող էր տևել մինչև մեկ ամիս, մինչդեռ նոր մեխանիզմի շնորհիվ այդ ժամկետը կրճատվել է՝ շնորհիվ տվյալների ստուգման ավտոմատացված երկփուլային համակարգի։
«Հիմա քաղաքացին արդեն դիմում ներկայացնելու պահին կարող է հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է աջակցության չափանիշներին, թե ոչ։ Բացի այդ, սոցիալական աշխատողները հնարավորություն կունենան հետևելու դիմումների ընթացքին և անհրաժեշտության դեպքում ուղղումներ կատարելու կամ օգնելու լրացման հարցում»,- նշել է Պարզյանը։
Համակարգը նաև կգործարկի ավտոմատ ծանուցումների ուղարկման գործառույթ, ինչը նշանակում է, որ դիմումատուները յուրաքանչյուր հաջորդ քայլի մասին տեղեկացվելու են առանց լրացուցիչ այցելությունների։