«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի  «Թատերական շաբաթ» ծրագիրը:

Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրը կարևոր  նախաձեռնություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, դպրոցահասակ երեխաների համար ինտերակտիվ խաղեր, հանդիպումներ դերասանների հետ, շրջայցեր թատրոններում, մասնակցություն փորձերին և դեկորների, զգեստների պատրաստման աշխատանքներին։ Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

«Առաջին անգամ «Թատերական շաբաթ» ծրագիրն իրականացվել է 2024 թվականին: Անցյալ տարի այս միջոցառման ընթացքում նախարարության ենթակայությամբ թատրոններն ունեցել են շուրջ 5000 այցելու՝ աշակերտներ,  ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: Դա  մեր առաջին հաջողված փորձն էր, որը մեզ քաջալերեց՝ ծրագիրը դարձնելու շարունակական: Համայնքային, մարզային և մասնավոր թատրոններին ևս առաջարկել ենք դպրոցականների և  երիտասարդների համար նախատեսված իրենց ծրագրերով միանալ նախաձեռնությանը: Նախորդ տարի վարպետության դասերի, թատրոնի տեխնիկական և ստեղծագործական կազմերի հետ հանդիպումների, զրույցների, շրջայցերի միջոցով երեխաներն ու պատանիներն իրենց համար բացահայտեցին թատրոնի չերևացող կողմերը՝ հետնաբեմը, դիմահարդարման սենյակները, լուսաձայնային տեխնիկայի սենյակները, արտադրամասերը, որտեղ պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ: Կազմակերպվել են նաև թատերական ընթերցումներ, որի ընթացքում այցելուները ներկա են եղել դերասանական կազմի փորձերին, զրուցել նրանց հետ, ծանոթացել թատերական ներկայացման կազմակերպման ողջ գործընթացին: Այս տարի շատ ավելի հետաքրքրիր միջոցառումներ և նոր ներկայացումներ են սպասվում:  Օրինակ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեխաները կարող են դիտել «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը»,- ասել է նախարարի տեղակալը:

Դանիել Դանիելյանի նշմամբ՝ «Թատերական շաբաթ» ծրագրի նպատակն է  թատրոնի կառուցվածքը, հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ: Ավելի բարձր տարիքի դպրոցականների համար այն նաև մասնագիտական կողմնորոշման հրաշալի հնարավորություն է:

««Թատերական շաբաթ» ծրագրի անցկացումը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում  շրջայցերն ու հանդիպումները թատրոնների անձնակազմերի հետ անվճար են»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականի տնօրեն Կարեն Դուրգարյանի տեղեկացմամբ՝ Օպերային  թատրոնը թատերական շաբաթվա շրջանակում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը, որը բեմադրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ: Մաեստրոն նշում է՝ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը անտարբեր չի թողնի ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:

«Հետաքրքրականն այն է, որ մենք երեխաների և իրենց ծնողների համար նախատեսում ենք նաև էքսկուրսիա Օպերային թատրոնում: Այստեղ նրանք կարող են  ծանոթանալ այն աշխատանքներին, որոնք տարվում են մինչև ներկայացումը սկսվելը: Կարծում եմ՝ երեխաների համար շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ թատրոնի հետնաբեմին, մոտիկից տեսնել դեկորները և այն ամենը, ինչը սովորաբար հեռու է հանդիսատեսի աչքից: Ուզում եմ հիշեցնել, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերը թատրոնում անվճար  են, սակայն անհրաժեշտ է նախապես զանգել թատրոն և գրանցվել շրջայցի համար»,- ասել է Կարեն Դուրգարյանը:

 

Spread the love