ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթին։
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է մշակույթի ոլորտում ներդնել գործիքներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն հանրային և տնտեսական կյանքում մշակութային գործունեության կշռի բարձրացմանը:
«Աճուրդներն ամբողջ աշխարհում տարածված են՝ խթանելու արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժերը և դինամիկ զարգացումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նպատակը մշակութային աճուրդների կայացումն է։
Նրա խոսքով՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում: Օրենսդրական նախաձեռնությամբ, ընդհանուր առմամբ, ձևակերպվում են նոր հասկացություններ, ինչպիսիք են՝ մշակութային աճուրդը, աճուրդի տունը և այլն։
Ըստ նախարարի՝ ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությամբ մշակույթի տնտեսականացումն առաջնային թիրախ է:
Ներկայացնելով առաջարկվող կարգավորման հիմնավորումը՝ նախարարը նշել է, որ ներկայում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասաբար է ազդում արվեստի շուկայի կայացման գործընթացի վրա։ Մասնավորապես՝ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքը, բացակայում է պատկերասրահների և աճուրդային տների միջև համագործակցության էկոհամակարգը և այլն։ Նշված գործոնները չեն նպաստում արվեստի դաշտի դինամիկ զարգացմանը, արվեստագետների վարկանիշի բարձրացմանը և ոլորտում նոր միտումների ձևավորմանը:
Առաջարկվող նոր նախագծով կձևավորվեն ստեղծագործությունների բաց հոսքեր և թափանցիկ շրջանառություն, որը հնարավորություն կտա իրականացնելու մշտադիտարկում։
«Արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը կնպաստեն ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը: Սա կնպաստի նաև առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ստվերային շրջանառության կրճատմանը: Կապահովվի նաև ոլորտում համակարգված պետական քաղաքականության իրականացումը, այդ թվում՝ պետական թանգարանային հավաքածուների համալրումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախատեսվում է ապահովել միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկայում, որն իր հերթին կնպաստի հայ և օտարերկրացի արվեստագետների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում հայկական մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
«Ուսումնասիրելով շուկան՝ կարծում ենք, որ հեղինակավոր աճուրդային տան ներգրավման շնորհիվ մեր երկրի աճուրդային շուկան նաև տարածաշրջանային հետաքրքրության առարկա կդառնա»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև, որ մշակութային աճուրդները կազմակերպվելու են մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնց գործունեության դաշտը նշված օրենսդրական կարգավորման ընդունմամբ կանոնակարգվում է:
Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։