Ռուսաստանն անհանգստացած է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ զորավարժությունների մասնակիցների շրջանակի եւ կազմի ավելացմամբ, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երրորդ վարչության տնօրեն Լյուդմիլա Վորոբյովան։
«Արեւմուտքի նպատակաուղղված ուղին Ասիայի «ՆԱՏՕ-ականացման» ռազմավարական նպատակով չի կարող անհանգստություն չառաջացնել… Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ զորավարժությունների մասնակիցների շրջանակն ու կազմն անընդհատ աճում են, որտեղ փորձարկվում են ամենատարբեր սցենարներ՝ ընդհուպ մինչեւ բնական աղետներից տուժած երկրներում ռազմական միջամտություններ եւ «տոտալ պատերազմ»,- ասել է դիվանագետը:
Վորոբյովայի խոսքով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերում ՆԱՏՕ ավելի խոր ներգրավվածության ամենաակտիվ ջատագովներից մեկը Ճապոնիան է, որն առաջարկում է հայտնի թեզը «եվրաատլանտյան եւ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության անբաժանելիության մասին՝ հստակ հակաչինական եւ հակառուսական երանգներով»:
«Այս ֆոնին մենք տեսնում ենք Տոկիոյի եւ ոչ տարածաշրջանային եվրոպական երկրների միջեւ համատեղ զորավարժությունների ինտենսիվության աճ, ներառյալ օտարերկրյա ստորաբաժանումների մուտքը կղզեպետության ռազմական ենթակառուցվածք», – ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ Մոսկվան «խաղաղության եւ կայունության ամրապնդման նպատակով» տարածաշրջանում ավելացնում է կոոպերացիան արտաքին քաղաքական եւ պաշտպանական ոլորտներում իր գործընկերների, այդ թվում Չինաստանի հետ։