ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:
Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:
Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:
ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի ավելի քան 70 դպրոցներում հիմնվել են լաբորատորիաներ՝ համալրված բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով վերապատրաստման մասնակիցներին, նշել է, որ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը՝ ընդգծելով, որ 540 դպրոցներ արդեն ստացել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաներ:
«Լաբորատորիաների հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել գործնական աշխատանքներ՝ առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Վստահ եմ՝ այս վերապատրաստումները կօգնեն հնարավորինս մանրամասն ու մանրակրկիտ ծանոթանալ լաբորատորիաների կառուցվածքին, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան լաբորատոր աշխատանքներն իրականացնել ավելի արդյունավետ:
Լաբորատորիաները պետք է դատարկ չմնան. անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, նախագծային աշխատանքներ՝ ակտիվորեն խրախուսելով երեխաները ընդգրկումը,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սարքավորումների ցանկերը և ամբողջական բնութագրերը կազմվել են՝ ըստ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների:
ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի արդյունքում կրթության որակի էական բարելավում է արձանագրվելու: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալներին, համաձայն որոնց՝ մաթեմատիկայի ուսուցման արդյունքների էական առաջընթաց է արձանագրվել։
«Շատ մեծ աշխատանք ունենք անելու: Համոզված եմ՝ հաջորդ հետազոտության արդյունքներով կտեսնենք, որ ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ծառայել են իրենց նպատակին, և մեր երեխաներն ավելի տեսանելի են պատկերացնում տեսական գիտելիքի կիրառությունը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ երեխաները դժվարանում են հատկապես ստացած գիտելիքի կիրառական նշանակությունը պատկերացնելու հարցում: Կարծում եմ՝ լաբորատորիաները կնպաստեն խնդիրը լուծմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչները պետք է լինեն վերապատրաստման գործընթացի ակտիվ մասնակիցներ:
Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նաև պետության խրախուսման ծրագրերը՝ ուղղված ԲՏՃՄ առարկաների գրավչության բարձրացմանը՝ հիշեցնելով, որ ԲՏՃՄ ուսուցիչները 25 տոկոս հավելավճար են ստանում:
Ծրագրի շրջանակում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները: Ուսուցիչներին մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով կպատրաստվեն նաև ցուցադրական տեսանյութեր, որոնցից ուսուցիչները կարող են օգտվել սարքավորումներն օգտագործելիս: Վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ: