Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխատաժողովը

Մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում իր աշխատանքներն է սկսել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Կենտրոնական բանկը՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

Աշխատաժողովի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար:

Աշխատաժողովը վարում է Անդրես Կուտտը, ով 2013-2017 թթ. ընթացքում Էստոնիայի թվային վերափոխումն իրականացրած թիմի առանցքային առաջնորդներից մեկն է: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ տարբեր պետական կառույցների թվայնացման ոլորտը համակարգող ղեկավարները և «Կյանքի 12 իրադարձություն» թվայնացման նախագծում ներգրավված ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել թվայնացման հիմնարար բաղադրիչները, քաղաքականությունները, թվային կառավարման մոդելները, ինչպես նաև դրանց ներդրման հաջողություններն ու մարտահրավերները:

Մասնակիցներին ներկայացվելու են թվային նույնականացման համակարգերի տեխնոլոգիական, քաղաքական, իրավական և կառավարման մոդելներ, քննարկվելու են փոխգործելիության և տվյալների կառավարման ժամանակակից մոտեցումները՝ Էստոնիայի փորձի օրինակով:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է լինելու արհեստական բանականությանը և ամպային տեխնոլոգիաներին և դրանց ազդեցությանը թվային կառավարման ապագայի վրա:

Կենտրոնական բանկը հանձնառու է շարունակել իր աջակցությունը երկրի թվային վերափոխման գործընթացներին՝ նպաստելով հանրության համար անվտանգ, հարմար և հասանելի թվային ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Spread the love