Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացված վերահսկողությամբ փաստվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պարագայում հանրային սննդի կետի աշխատանքը դիտարկվում է վտանգավոր:
Այսպես՝
– խոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով, չորացման հիգիենիկ սարքերով,արհեստական օդափոխության համակարգերով, անձնակազմի համար հանդերձարանով,
– հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
– դեպի դուրս բացվող պատուհաններն չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
– սեղանների մակերեսները եղել են անհարթ ու ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝
Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: